Հայաստանը թալանողները-4
Ներկայացնում ենք «The Moscow post»-ի հրապարակման շարունակությունը:
Սամվել Մայրապետյան:
Երեւանի բժշկական համալսարանի նախկին պրոռեկտոր Սամվել Մայրապետյանը Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ ներկայիս փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավոր բիզնես-գործընկերներից է: Նրա անունն առաջին անգամ մամուլում հայտնվեց 1995-ին, երբ իրավապահ մարմինները կաշառակերության դեպք բացահայտեցին բժշկական ինստիտուտում: Այնուհետեւ Մայրապետյանը բժշկականից տեղափոխվեց մշակույթի նախարարություն, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի աշխատակազմի պահանջով Մայրապետյանի պայմանագիրը խզվեց, եւ նա մեկնեց Մոսկվա: Սամվել Մայրապետյանը «Հ2» հեռուստաընկերության գլխավոր սեփականատերն է: Հենց նա Երեւանում, Բայրոնի փողոցի վրա կառուցեց առաջին էլիտար շենքը, իսկ հետագայում դարձավ Քոչարյանի ու Արմեն Գեւորգյանի բիզնես-գործընկերը` էլիտար շինարարության ոլորտում (Երեւանի կենտրոնում նման բնակարանների 1 քմ-ն արժե 1000 դոլարից ոչ պակաս): Մայրապետյանի կինը` բժշկական համալսարանի ներկայիս ռեկտոր Գոհար Քյալյանը, ըստ «The Moscow post»-ի, բավական կոլորիտային կին է, ընդդիմադիր մամուլի ամենասիրելի հերոսներից մեկը: Մինչ ռեկտորի պաշտոնում ընտրվելը, Քյալյանը, ըստ ռուսական լրատվամիջոցի, մտավ «Օրինաց երկիր» կուսակցություն, քանի որ այն ժամանակվա ԿԳ նախարարը ՕԵԿ-ական էր: Մայրապետյանը իր տիկնոջը ռեկտոր դարձնելու հարցը լուծեց մի քանի հոգու, այդ թվում ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանին, ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանին, Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն` Սեդրակ Քոչարյանին էլիտար բնակարաններ նվիրելով: «Նկատենք, որ իր տիկնոջը ռեկտոր դարձնելը, տարբեր գնահատականներով, Մայրապետյանի համար արժեցել է 500 հազար դոլար»,- նշում է «The Moscow post»-ը:
Լեւոն Սարգսյան:
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) իր ուղին սկսեց Երեւանի ալրաղացից, որի համասեփականատերն էր ցանկանում դառնալ: Հետագայում նա այդ գործը բարեհաջող ավարտեց 2002-ին: Հինգ տարի անց նա ստիպված եղավ վաճառել ալրաղացը: Լեւոն Սարգսյանը կոշիկի խանութների ցանցի սեփականատեր է` «Սալամանդր», «Աս», «Բանգլադեշ» եւ եւս մի մեծ խանութ Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Սարգսյանը համարվում է իշխանությունների առաջին մահակը: Իր թիկնապահների միջոցով կազմակերպել է կոպիտ հարձակումներ ընդդիմադիր լիդերների եւ այլախոհների վրա: Ռուսական լրատվամիջոցն առանձնացնում է 2004-ին իրավապաշտպան Միքայել Դանիելյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքը եւ երկրի նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանի դեմ մահափորձը: «Որոշ տվյալներով, որոնք հրապարակվել են նաեւ մամուլում, դիմել է վարձու մարդասպանների` Քոչարյան-Սարգսյան զույգի համար կրիմինալ եւ բիզնես-աշխարհում անցանկալի անձանց վերացնելու համար: 2008-ի աշնանը նրա հրահանգով «Օդնոկլասնիկի» սրճարանում սպանվեց 2 երեխաների հայր, 35-ամյա Անդրանիկ Բաբայանը: Լեւոն Սարգսյանի կերպարը դարձավ այնքան զազրելի, որ վերջին շրջանում «ընդհատակյա գործողությունների վարպետից» սկսեցին հետ քաշվել նախագահը եւ նրա շրջապատը»,- նշում է «The Moscow post»-ը:
Ռուբեն Հայրապետյան:
Ռուսական լրատվամիջոցը նշում է, որ ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը` Նեմեց Ռուբո, ֆուտբոլի «Փյունիկ» ակումբի դե ֆակտո տերն է: Հայաստանում, ըստ «The Moscow post»-ի, լավ են հիշում անեկդոտային պատմությունը, երբ Սերժ Սարգսյանի Թուրքիա այցից առաջ (երբ վերջինս գնում էր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու), Հայաստանի զինանշանի վրայից մեկ անհետանում, մեկ հայտնվում էր Արարատ լեռը, ինչն ուղեկցվում էր Ռուբեն Հայրապետյանի անգրագետ ու անհեթեթ բացատրություններով: Հայրապետյանը հանդիսանում է Հայաստանի «ծխախոտի արքաներից» մեկը: Իր բիզնես-կարիերան սկսել է «Հայծխախոտ» արտադրական միավորման փոխտնօրենի պաշտոնից: Հետագայում դարձել է «Հայծխախոտ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ: 1999-ին գնել է հայ-կանադական «Գրանդ տոբակո»-ի բաժնետոմսերի մի մասը, իսկ հետո` մյուս մասը: Գրոշներով սեփականաշնորհել է Վանաձորի տրիկոտաժի ֆաբրիկան, որը հիմա արտադրում է այնպիսի քանակությամբ տրիկոտաժ, որ արտահանվում է այլ երկրներ: Ըստ ռուսական ԶԼՄ-ի, Հայրապետյանը ուրիշի ունեցվածքը խլելու մեծ սիրահար է: Մասնավորապես, «Բջնի» գործարանի «դեդեկտիվ ձեռքբերումից» հետո, նա իշխանությունների օգնությամբ հետաքրքրություն ցուցաբերեց «Բյուրեղի» հանդեպ: Հայրապետյանին է պատկանում շինանյութերի, մետաղյա իրերի, ջրատաքացուցիչ սարքերի մեծածախ վաճառքով զբաղվող «Ռումավա» ԲԲԸ-ն, կտորեղենի, տեքստիլ արդյունաբերության արտադրությամբ զբաղվող «Խարուր» ԲԲԸ-ն, հացահատիկային կուլտուրաների աճեցմամբ զբաղվող «Բամբակ» ՓԲԸ-ն, «Ավան-91» ալկոհոլային խմիչքների արտադրական կոմպլեքսը, «Անահիտ» ռեստորանները, բարերն ու սրճարանները, «Նորալուսին» հանգստյան եւ զվարճանքի կազմակերպությունը, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: Կազմակերպությունների մի մասը գրանցված է Հայրապետյանի հոր` Ռաֆիկ Հայրապետյանի անունով, այդ թվում` եւ գազային վառելիքի մեծածախ վաճառքի ոլորտում նրա բիզնես-կառույցները: Համարվում է «իշխանության մահակներից» մեկը: Ունի լավ զինված եւ բազմամարդ թիկնազոր: Միշտ ձգտում է, որ լրատվամիջոցները, նույնիսկ ընդդիմադիր, իրեն անվանեն Սերժ Սարգսյանի ամենամերձավոր օլիգարխը եւ փորձում է արդարացնել իր «բարձր կոչումը»:
Կարեն Կարապետյան:
Ինչպես նշում է «The Moscow post»-ը, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, ծագումով Տաշիրից, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Կարապետյանը 1990-93թթ. եղել է «ՍԻԿ» (Դոնի Ռոստով) առեւտրաարդյունաբերական ձեռնարկության գլխավոր տնօրենը, 1993-99թթ.` Տաշիրի էմալապատ սպասքի գործարանի տնօրենը, այնուհետեւ` նույն գործարանի խորհրդի նախագահը: Նրա գլխավոր բիզնես-գործընկերը հարազատ եղբայրն է` Սամվել Կարապետյանը, ով ապրում է Ռուսաստանում, որտեղ ունի խոշոր բիզնես եւ հանդիսանում է «Տաշիր գրուպի» սեփականատերը: Կոնցեռնի կազմի մեջ են մտնում արդյունաբերական եւ շինարարական կազմակերպություններ, առեւտրի կենտրոններ, մատակարարող եւ կենցաղային կազմակերպություններ, ռեստորանների եւ հյուրանոցների ցանց, առողջարաններ, ինչպես նաեւ` շուրջ 200 բազմապրոֆիլ կազմակերպություններ` ավելի քան 30 հազար աշխատակիցներով: Կարապետյանի կոնցեռնը, ըստ «Ֆորբս» ամսագրի, 2007-ին եղել է 12-րդը` Ռուսաստանի անշարժ գույքի ամենախոշոր սեփականատերերի շարքում: «Տաշիր գրուպը» Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ նրա «Սոգլասիե» ՓԲԸ-ի բիզնես-գործընկերն է: «Արա Աբրահամյանի «Սոգլասիե-Հայաստան» հայկական բիզնես-կառույցը հանդիսանում է այն այլանդակության լիիրավ մասնակից, որ Հայաստանում կոչվում է «էլիտար շինարարություն»` իր բոլոր բնորոշ ատրիբուտներով` իրենց տներից մարդկանց բռնի տեղահանում, գրոշներով նրանց հողերի եւ տների գնումը եւ այլն: Կարեն Կարապետյանը «Տաշիր գրուպի» ղեկավարն է Հայաստանում, հետեւաբար` երկրի տնտեսության եւ բիզնեսի տվյալ ոլորտի համար դրանից բխող բոլոր հետեւանքներով: Կոնցեռնի մեջ մտնող ձեռնարկությունների մասնագիտացումը նույնն է, ինչ-որ Ռուսաստանում, սակայն առաջնային ուղղություններ են հանդիսանում անշարժ գույքը, շինարարությունը, սպասարկման ոլորտը (առաջին հերթին հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ եւ պիցերիաներ) եւ առեւտուրը: Վարչապետի պաշտոնի համար Կարապետյանի թեկնածությունը քանիցս քննարկվել է Սերժ Սարգսյանի հետ: Չնայած նրա եղբոր` Ռուսաստանի հայ համայնքից Հայաստան խոշոր ներդրումների ներգրավմանը աջակցելու խոստումներին եւ Սերժ Սարգսյանի տված բազմաթիվ երդումներին, այդ հարցը այդպես էլ չի լուծվել հօգուտ Կարապետյանի: Վերջինս ստիպված եղավ բավարարվել նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնով»,- գրում է «The Moscow post»-ը: