Սարգիս Արծրունի. «Սփյուռքը դառնում է սպառնալիք»

irevanaz.comՀՀ ԱԱԾ վերջին բացահայտումից հետո, թերևս արժե անդրադառնալ Սփյուռքին՝ մանավանդ, որ սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, որ արտերկրում ապրող հայությունից, ավելի շուտ` դրա տարբեր սեգմենտներից մարտահրավերներ են ուղղվում Հայաստանի կայունությանը, մեր երկրի անվտանգությանը: Հայաստանի և Սփյուռքի օրակարգերը ներդաշնակ չեն եղել դեռ համազգային շարժման տարիներին, երբ հայ ավանդական քաղաքական միտքը` դաշնակցած սովետահայ պալատական մտավորականության և կոմունիստական պրոպագանդայի հետ, պանթուրքիզմի սպառնալիքով ահաբեկում էր ազատության ճանապարհը բռնած Հայաստանի ժողովրդին: Դա իսկական գաղափարական, քարոզչական տեռոր էր` ավելի վտանգավոր, քան` Մոսկվայի արածը:
Հայաստանի անկախությանը հակադրվելու հարցում դաշնակից էին դարձել Մոսկվայի կոմունիստական իշխանությունն ու հայ ավանդական կուսակցությունները` հատկապես ՀՅԴ-ն: Համազգային շարժումը «կտրել» էր ոչ միայն կոմունիստական նոմենկլատուրայի, այլ նաև Դաշնակցության հացը, որը տասնամյակներ շարունակ Հայ դատը դարձրել էր իր քսակը լցնելու, Սփյուռքն «ընկերների» քմահաճության թիրախ դարձնելու միջոց: Երևանում ձևավորվում էր պետականաստեղծ, ռացիոնալ քաղաքական հոսանք` մարգինալ դարձնելով ուժերի, որոնք իրենց կենսագրության ամբողջ շրջանում իրական հայրենիքի գաղափարը ստորադասել են «Մեծ Հայաստանի» ցնորքին, պրագմատիզմը` կենացին:
Տնավեր այդ հոսանքը Երրորդ հանրապետության առաջին տարիներին իրեն դուրս էր զգում Հայաստանում որոշումներ կայացնելու գործընթացից, և պատահական չէ, որ երիտասարդ պետության դեմ առաջին ահաբեկչական գործողությունը` «Դրո»-ի գործը կապված էր ՀՅԴ-ի ու Սփյուռքի որոշակի շրջանակների հետ: Էլ ավելի պատահական չէ, որ տակավին վերջերս «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանը ՀՅԴ ղեկավարությանը մեղադրեց ռուսական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մեջ: Ըստ Մնջոյանի տրամաբանության` «Դրո»-ի գործը հենց ՀՅԴ վերնախավի ու ռուսական հատուկ ծառայությունների «սիրային գրկախառնության» դրսևորում է...
«Ախպարական» հետք կար նաև «31»-ի գործում, որը դարձյալ կապվում է ՀՅԴ-ի անվան հետ: 1995-ին Վազգեն Սարգսյանի սպանությունը կանխվեց, չորս տարի հետո` հնարավոր չեղավ… Սփյուռքի հետ կապված` վիճակը հիմա ավելի ողբերգական է դարձել, որովհետև արտագաղթը ձևախեղել է ոչ միայն Հայաստանի սոցիալական պատկերը, այլ նաև որակապես փոխել է Սփյուռքը` այն դարձնելով իրական մարտահրավեր Հայաստանի անվտանգության համար:
Վերջին 25 տարիներին Հայաստանը լքածները դարձել են Սփյուռքում եղանակ ստեղծողները` դուրս մղելով պետականաստեղծ փոքր սեգմենտին, Սփյուռքը դարձնելով ռադիկալ տրամադրությունների միջավայր: Հայաստանից գնացածների մի մասը «Սասնա ծռեր»-ի կողմնսկիցներն են, մյուսները` հակառակորդները, բայց նրանց միավորում է վայրի ռադիկալիզմը...
Ամերիկաներում տաք նստած որոշում են Հայաստանում ապրողների ապագան և դիսկոմֆորտ են զգում, որ օտարված են Հայաստանի որոշումների վրա ազդելու հնարավորությունից: Այս հարթության վրա էլ ծնվում են դավադիր մտադրություններն ու խմբերը...
Սփյուռքը` իր հնացած ու քյարթու մաքսիմալիզմով և նորացած մատղաշ ռադիկալիզմով դարձել է լուրջ սպառնալիք Հայաստանի անվտանգության համար: Համարժեք գործողություններ են պետք, քանի ստեղծված իրավիճակի ֆոնին «հյուսիսային քամին» հերթական ավերը չի գործել Հայաստանում:



Читайте также

Оставить комментарий