Ռուսաստանը սպառնում է Հայաստանի անվտանգությանը

irevanaz.comԽորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը փորձեց գտնել տարածաշրջանային քաղաքականության նոր մոդել, և փորձեց այդ մոդելը համապատասխանեցնել համաշխարհային քաղաքականության արդիական չափանիշներին: Սակայն, ներպետական կյանքի կազմակերպման գործը տապալելուց հետո Ռուսաստանը փաստորեն տապալեց նաև արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ և հարավկովկասյան ուղղությամբ:
Բանն այն է, որ տարածաշրջանային նոր քաղաքականության մոդելի ներքին բազիս Ռուսաստանն այդպես էլ չկարողացավ ապահովել, և, ի վերջո, Պուտինի հետ իշխանության վերադարձած խորհրդա-ռուսական ՊԱԿ-իզմը նաև իր արտացոլումն ունեցավ հարավկովկասյան ռեգիոնի հանդեպ ռուսական քաղաքականության վեկտորում: Այն վերստին վերադարձավ խորհրդային արժեհամակարգի տիրույթներ՝ հենվելով մահակի, խարդավանքների, ստվերային գործարքների և սպառնալիքների վրա:
Հետխորհրդային ավելի քան երկու տասնամյակի ընթացքում Ռուսաստանն այդպես էլ որևէ արդիական արժեք չի ներդրել Հարավային Կովկասում: Ավելին, Ռուսաստանն իր ռազմավարական գործընկեր Հայաստանի հետ որևէ արդիական գործընթաց չի կազմակերպել և չի իրականացրել, չի փորձել մրցունակ որևէ քաղաքական, տնտեսական կամ գաղափարական տեխնոլոգիա ներմուծել Հայաստան: Հայաստանում, վերջին տարիներին կարծես թե արդեն էապես արմատավորվել է այդ իրողության վերաբերյալ պատկերացումը:
Հասարակությունն ավելի ու ավելի է գիտակցում, որ Ռուսաստանը Հայաստանի համար չի եղել և չի կարող լինել զարգացման գործընկեր: Մնացել է թերևս միայն անվտանգության երաշխավորության գործոնը՝ ի դեմս այն մտայնության, որ միայն ռուսները մեզ կպաշտպանեն արտաքին ագրեսիայից և դրանց չլինելու պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան կհարձակվեն մեզ վրա:
Իրականում, սակայն, դա լուրջ մոլորություն է: Մոլորություն է, որը արագորեն բացահայտվում է, երբ փորձում ենք պատկերացնել ժամանակակից անվտանգության բաղադրակազմը: Անվտանգության արդիական համալիրը ներառում է ավելի շատ հասարակական-համակեցության արժեքներ, քան՝ զենք ու զրահ: Դրանք, իհարկե, ներկայում էլ շարունակում են մնալ կարևոր գործոն, սակայն արդեն վեր են ածվում ընդամենը արժեքային համակարգերի արդյունավետ գեներացմանը և պաշտպանությանը նպաստող գործիքներ:
Անվտանգության ժամանակակից համալիրն առաջին հերթին ներառում է քաղաքակրթական կողմնորոշում՝ թե որ արժեհամակարգում ենք մենք: Եվ այս տեսանկյունից մենք հանգում են այնպիսի իրավիճակի, երբ Ռուսաստանը դառնում է նույնիսկ Հայաստանի անվտանգությանը սպառնացող գործոն, քանի որ արգելակում է Հայաստանի քաղաքակրթական ընտրության հնարավորությունը և փորձում մեր երկիրը հնարավոր և անհնար դեստրուկտիվ քայլերով պահել խորհրդա-ռուսական հնացած համակարգում, որտեղ մարդն արժեք չունի:
Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը, խորքային, փիլիսոփայական իմաստով, Հայաստանի համար նույնիսկ անվտանգության երաշխավոր չէ: Միակ բանը, որ ռուսները կարող են երաշխավորել Հայաստանի համար՝ ճահճացումն ու գավառականացումն է:
Բայց մեզ իհարկե այդպիսի երաշխիքներ պետք չեն, քանի որ դրա համար մենք շատ թանկ կվճարենք:
/1in.am/



Читайте также

Оставить комментарий