Արամ Ամատունի. «Ներիշխանական և ներքրեական զուգահեռներ. ինչ է կատարվում Հայաստանում»
Երևանում տեղի է ունեցել հերթական քրեական «ռազբորկան»՝ հրազենի գործադրմամբ: Վերջին շրջանում դա հերթականն է ընդհանրապես հանրապետությունում: Իհարկե, ոստիկանությունը գուցե կներկայացնի վիճակագրություն, թե ինչպես է նվազել այդպիսի հանցագործությունների քանակը, բայց փաստն այն է, որ հայաստանյան լրահոսում դրանք արձանագրում են կայուն և հետևողական ներկայություն:
Մի քանի օր առաջ հրազենի գործադրմամբ կրակոցներ և սպանություն էր տեղի ունեցել Էջմիածնում՝ այսպես ասած, հայոց հոգևոր մայրաքաղաքում: Պարզվեց, որ սպանել էին Արտյոմ Կոնևսկոյ անունով քրեական հեղինակության թիկնազորի անդամներից մեկին՝ Տուպիկ Կարեն մականունով, և նրա թիկնապահին: Մամուլում տեղեկություն եղավ, որ դա էլ կապ է ունեցել Դոն Պիպո մականունով հայտնի քրեական հեղինակության, թե գործարարի սպանության փորձի կամ ծրագրվող սպանության հետ: Մի քանի ժամ առաջ տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արտյոմ Կոնևսկոյին: Այժմ կրակոցներով միջադեպ՝ Երևանի կենտրոնում: Կապ ունե՞ն այս միջադեպերը միմյանց հետ՝ դեռ պարզ չէ, մանրամասներ հավանաբար ի հայտ կգան առաջիկայում:
Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ այսօրինակ միջադեպերը այնքան են ողողել հայաստանյան կյանքը, որ արդեն դրանք հնարավոր է համարել մեկ ամբողջական շղթայի օղակներ՝ անկախ անմիջական փաստական և բովանդակային առնչությունից: Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում՝ քրեածին իրավիճակի անկառավարելիությո՞ւն, թե՞ կառավարելի քաոս, որի միջոցով փորձ է արվում լուծել ինչ-ինչ խնդիրներ, ընդ որում՝ ոչ միայն, այսպես ասած, քրեաիրավական հարթության վրա գտնվող, այլ նաև քաղաքական՝ հաշվի առնելով այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանում ոչ միայն բիզնեսն ու իշխանությունն են սերտաճած, այլ նաև քրեականն ու բիզնեսը և քրեականն ու իշխանությունը:
Այդ համատեքստում, երբ Հայաստանում ներկայումս առկա է իշխանության վերադասավորման, ավելի շուտ՝ խորքային վերամոդելավորման խնդիր՝ ուժերի նոր հարաբերակցության ձևավորման հեռանկարով, անխուսափելի է դառնում թե՛ տնտեսական վերաբաշխման գործընթացը, թե՛ նաև իշխանության հետ սերտաճած այլ շերտերում խորքային փոփոխությունները: Այդ տեսանկյունից Հայաստանում տեղի ունեցող ներիշխանական, ներհամակարգային «ռազբորկաների» ֆոնին անկասկած ուշագրավ են քրեական տիրույթում տեղի ունեցող զարգացումները:
Եվ այստեղ իհարկե ամենևին նորություն չէ այն, որ հատուկ ծառայությունների գործիքակազմում այդ դաշտում հարցեր լուծելու առումով բավականին կիրառելի տարբերակներից է նաև «կառավարելի քաոսի» կամ «միքրեական ռազբորկաների» հրահրման մեխանիզմը: Ինչի հետ գործ ունենք կոնկրետ դեպքում կամ դեպքերում՝ անկասկած դժվար է ասել, և թերևս այդ ամենը կշարունակի մնալ ընդամենը մամուլ սպրդող արտահոսքերի մակարդակում, հատկապես Հայաստանում, որտեղ այդօրինակ հարցերում հանրային հաշվետվողականությունը մշտապես եղել է բավականին սեղմ շրջանակներում:
Այս համատեքստում իհարկե խիստ ուշագրավ է դառնում նախօրեին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան արձագանքը, այսպես կոչված, ՍԱՍ-ի նախընտրական ձայնագրության կարճման առիթով: Առաջին հայացքից այդ ամենն իհարկե կապ չունի քրեական լրահոսում տեղի ունեցողի հետ, սակայն դեսպանատունը մատնանշել էր Հայաստանում իշխանության ձևավորման, այսինքն՝ ընտրական մեխանիզմի արժանահավատությանը հարվածող դեպքերի բացահայտման և պատասխանատվության ենթարկելու հարցում իրավապահների դերը:
Իսկ առայժմ, ինչպես հայտնի է, իշխանության ձևավորման մեխանիզմում առավել մեծ դեր ունեցել են թերևս քրեական, քան իրավական տարրերը: Եվ այդ տեսանկյունից ԱՄՆ դեսպանատան արձագանքն իր մեջ պարունակում է Հայաստանում տեղի ունեցող խորքային գործընթացի քաղաքական լրջագույն գնահատական: