Այն, ինչ տեղի է ունեցել Ստրասբուրգում, պարբերաբար կրկնվելու է
Հայաստանում բավական մեծ աղմուկ է հանել Ստրասբուրգում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության նիստը, որի ընթացքում տապալվել է համատեղ հայտարարության ստորագրումը: Ըստ էության, զուտ ֆորմալ տեսանկյունից մեծ աղմուկ է ոչնչից: Ոչնչից մեծ աղմուկ, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել համագործակցության այդ նիստում` իրականում ընդամենը հերթական դրսևորումներից է այն իրավիճակի և իրականության, որ տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո:
Այդ օրվանից Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները, ըստ էության, փլվել են և այսօր աղմուկ հանել արարողակարգային, ֆորմալ ինչ-որ ֆրագմենտներից, իրականում նշանակում է զբաղվել անիմաստ ու ավելորդ աշխատանքով: Բանն այն է, որ նման համագործակցության ֆորմատները այլևս բացարձակապես չեն հանդիսանում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների բովանդակային կողմ, քանի որ այդ հարաբերություններից հանվել է առանցքը, այդ հարաբերությունները զրկվել են, ըստ էության, քաղաքական բովանդակությունից: Հայաստանն ինքը դարձել է քաղաքականապես բովանդակազուրկ սուբյեկտ` այն բանից հետո, երբ իր հեղինակության և արժանապատվության հաշվին հայտարարել է Մաքսային միությունն ընտրելու մասին, զուտ իշխանությունների եսապաշտական մոտեցումների պատճառով:
Այս ամենից հետո, Եվրամիություն-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության նիստում ինչ-որ բան կստորագրվի, թե չի ստորագրվի, նիստ ընդհանրապես կլինի, թե չի լինի` բացարձակապես նշանակություն չի կարող ունենալ: Եվ սրան նշանակություն տալու փորձերը ուղղակիորեն հասարակական ուշադրության անիմաստ վատնում և չարաշահում են: Եվ եթե Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները Հայաստանում որևէ մեկին հետաքրքրում են, ապա նախևառաջ դա նշանակում է հետաքրքրվածություն դեպի Մաքսային միություն Հայաստանի իշխանությունների քառատրոփ սլացքը կանխելու հարցում: Որովհետև, եթե այս հարցում ոչ մի արգելակ չկա, ապա Հայաստան-Եվրամիություն հարցում որևէ առաջընթացի, ընդհանրապես որևէ բովանդակային իրադարձության սպասելը լիակատար ինքնախաբեություն է:
Այն, ինչ տեղի է ունեցել Ստրասբուրգում, պարբերաբար է կրկնվելու, կրկնվելու է տարբեր այլ ֆորմատներում, տարբեր այլ խնդիրների վերաբերյալ: Հայաստանը դրանից ավելիին չի արժանանալու, և պետք է ընդամենը հուսալ, որ չի արժանանա նաև դրանից էապես պակասին, քանի դեռ շարունակում է ընթանալ ինքնասպանության «ճանապարհային քարտեզով»:
1in.am