Սարգիս Արծրունի. «Ղարաբաղյան «զիգզագի» արկածախնդրությունը»

Սարգիս Արծրունի. «Ղարաբաղյան «զիգզագի» արկածախնդրությունը»Մեծ հաշվով՝ Հայաստանի իշխանությունները ԼՂ հարցում կոնցեպտուալ մոտեցում չունեն և առաջնորդվում են կոնյունկտուրայով, պահի թելադրանքով: Սրա դասական օրինակը խորհրդարանական քարոզարշավն էր, որի ընթացքում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ըստ էության ԼՂ հարցով մենախոսում էր, որովհետև եթե ոմանք, օրինակ, ՀԱԿ-ի մոտեցումները պիտակավորում էին «դավաճանություն» բառով, ապա դա ոչ թե քաղաքական դիսկուրս է, այլ դրա ձևախեղում:
Հարցն այն չէ, որ առաջին նախագահի ներկայացրած դիրքորոշումն այս պահին ռացիոնալ է կամ աշխատող: Ըստ ամենայնի՝ ոչ, որովհետև անցած քսան տարիներին կարգավորման գործընթացում, աշխարհում և տարածաշրջանում շատ բան է փոխվել: Սակայն մեր քաղաքական մտքի ողբերգությունն այն է, որ ԼՂ խնդրում Տեր-Պետրոսյանի հնացած, մաշված կոնցեպտը մնում է միակը, այլընտրանք չունեցողը: Քաղաքական ուժերի մեծամասնության համար ԼՂ խնդիրը մնացել է կարգախոսների, ցանկությունների մակարդակում:
Եթե խոսենք իշխանությունների մասին, ապա Սերժ Սարգսյանի ղարաբաղյան քաղաքականությունը նման է «զիգզագի», որի ակնհայտ կամ քողարկված նպատակը ստատուս քվոն ամրագրելն ու ժամանակի և հանգամանքների վրա խաղալն է: Նույն քարոզարշավի ժամանակ ՀՀԿ գործիչներն անուղղակիորեն խրախուսում էին Տեր-Պետրոսյանի թիմի «պարտվողականությունը», որովհետև դրա ֆոնին իրենց դիրքորոշումները հաղթական և հանրության համար ընկալելի էին թվում: Սա միանգամայն տեղավորվում է նախընտրական տրամաբանության մեջ, մանավանդ՝ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումների վրա իրենց «ձեռքերը տաքացրին» ոչ միայն հանրապետականները: Օրինակ՝ ՀԱԿ-ի «խաղաղասիրությունն» էապես օգնեց, որ իր էլեկտորատը կոնսոլիդացնի նաև ՀՅԴ-ն:
Խորհրդարանական քարոզարշավի օրերին Սարգսյանն ավելի շատ հանդես էր գալիս գերագույն գլխավոր հրամանատարի դիրքերից՝ առաջնագծում կամ ՀՀԿ քարոզարշավի ամփոփիչ ելույթում հանդես գալով անզիջում, խրոխտ դիրքերից:
Ընտրություններն ավարտվեցին, հասարակության՝ թեկուզև խիստ հարաբերական և պայմանական գործոնն այլևս առաջնային չէ: Սերժ Սարգսյանի մարտավարությունը մեծ հաշվով անփոփոխ է, սակայն նա հիմա գործ ունի ոչ թե մեր հասարակության, այլ միջազգային հանրության հետ, որը, բնականաբար, միանգամայն այլ մեսիջների է սպասում:
Եթե մինչև ընտրությունները Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն ավելի հստակ էր, և ըստ էության մերժվում էր որևէ բանակցություն Բաքվի հետ՝ մինչև չկատարվեն Վիեննայի պայմանավորվածությունները, ապա հետընտրական փուլում արդեն կայացել է մեկ հանդիպում՝ Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով ձևաչափով: Իհարկե, այդ հանդիպումը որակապես ոչինչ չի փոխել, և ամեն ինչ ընթանում է ստատուս քվոն պահպանելու տրամաբանության մեջ, սակայն ակնհայտ է, որ Երևանը մեղմացրել իր կարծր դիրքորոշումը: Օրինակ՝ նորընտիր խորհրդարանին հասցեագրված իր ծավալուն ելույթում Սարգսյանն անդրադարձել է Կազանի փաստաթղթին` մասնավորապես ասելով. «…այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն՝ շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ»։
Գուցե Սարգսյանի հույսը հենց Ադրբեջանի մերժումն է, բայց նրա խոսքի տողատակում մեսիջ կա միջազգային հանրությանը, թե Հայաստանը պատրաստ է վերադառնալ կազանյան պայմանավորվածություններին:
Ասել կուզեմ՝ Սարգսյանը հրապարակավ քննադատում է Տեր-Պետրոսյանի, Վարդան Օսկանյանի դիրքորոշումները, սակայն, մեծ հաշվով, մնում է մադրիդյան սկզբունքների փիլիսոփայության մեջ:
ԼՂ խնդրում հայկական կողմի համար բարենպաստ միջազգային իրավաքաղաքական համատեքստը հետևանք է ոչ թե մեր դիվանագիտության որակի, այլ Բաքվի ռազմատենչության և իռացիոնալիզմի դրսևորում է:
Սակայն ավելի խորքային ու սկզբունքսյին մի խնդիր կա: Եթե Հայաստանին ձեռնտու է ԼՂ խնդրում ստատուս քվոյի ամրագրումը, ապա դա ենթադրում է մաշեցնող, երկարատև դիմակայություն, որում ադրբեջանական նավթադոլարներին պետք է դիմակայի Հայաստանի կենսունակ համակարգը: Այդպիսին ձևավորելու ուղղությամբ Սերժ Սարգսյանը ոչինչ չի անում, ինչի հետևանքով նրա ղարաբաղյան «զիգզագը» կարող է վերածվել արկածախնդրության:



Читайте также

Оставить комментарий