Սարգիս Արծրունի. «Հայաստանը դարձել է մայր «Գազպրոմի» ֆիլիալը»

irevanaz.comԵրբ կառավարության վերջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նոր Աշխատանքային օրենսգրքի ձևավորման պահանջ էր ձևակերպում, չեմ կարծում, թե նրա հայացքն ուղղված էր Մայիսի 1-ին, այն թշվառ իրականությանը, որ մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ աշխատող աղքատներ են, ու էլի տասնյակ հազարավոր պոտենցիալ աշխատողներ գործազուրկ են` հենց անարդյունավետ կառավարման հետևանքով:
Դժվար է պատկերացնել, որ աշխատավորի, մտավոր կամ ֆիզիկական արդյունք ստեղծողի նկատմամբ վարչապետի վերաբերմունքն արմատապես տարբերվում է նրանից, որն ունի այսօրվա էլիտա կոչվածը: Ճիշտ է, Կարեն Կարապետյանը որոշակի կրթական ցենզ ու ինտելեկտուալ պոտենցիալ ունի և իր նախորդի՝ Հովիկ Աբրահամյանի ցինիզմով չի կարող հրապարակայնացնել, թե Հայաստանում առաջխաղացում ունենալու համար բնավ էլ խելք պետք չէ: Սակայն ճիշտ է նաև, որ Կարեն Կարապետյանի կուսակցական դառնալուց հետո գազի ոլորտի յոթ հազար աշխատակից մի գիշերում դարձավ հանրապետական: Հեռու եմ այն կարծիքից, որ յոթ հազար մարդ հենց այդ գիշերը հասկացան Նժդեհի գաղափարախոսության մոգականությունը կամ կարդացին Սերժ Սարգսյանի ելույթները` լենինյան թեզերն անգիր արած իրենց պապերի կամ հայրերի օրինակով: «ՍԱՍ»-ի կամ դպրոցների տնօրենների պարագայում ձայնագրությունները «ջրի» երես դուրս եկան, «գազավիկները» գործն ավելի «պրոֆեսիոնալ» էին արել:
Բայց սրանից երևույթը չի կորցնում իր այլանդակ, մարդատյաց բնույթը, որովհետև թե՛ «ՍԱՍ»-ում ու դպրոցներում, թե՛ գազի գրասենյակներում մարդկանց, աշխատավորներին հարկադրել, պարտադրել են երկու կոպեկ աշխատավարձի, դժվար ճարվող աշխատատեղի համար դառնալ պատանդ, ճորտ:
Այսպիսին է Հայաստանի քաղաքական համակարգի, նրան սերտաճած բիզնեսի բարոյական նկարագիրը: Կարեն Կարապետյանը տողատակով կարող է անդրադառնալ «ՍԱՍ»-ի Արտակին, նրան քննադատել՝ ներհամակարգային պայքարի տրամաբանությամբ առաջնորդվելով, բայց սիրով պատրաստ է ՀՀԿ-ն դարձնել «Գազպրոմ Արմենիայի» մասնաճյուղ՝ այնպես, ինչպես Հայաստանն է դարձել մայր «Գազպրոմի» ֆիլիալը:
Հայաստանում դպրոցի տնօրեն չեն դառնում, որովհետև կրթության կազմակերպման արդյունավետ ծրագիր ունեն: Դա քիչ է, եթե չասեմ՝ ավելորդ է, որովհետև եթե պատգամավոր դառնալու համար խելք պետք չէ, ապա նույնը վերաբերում է այդ պատգամավորի համար ցուցակ կազմող տնօրենին: Մարդու տաղանդին, աշխատասիրությանը փոխարինել են այլ հատկանիշներ. առաջ գնալու, պարզապես գործ ու մի կտոր հաց ունենալու համար պետք է ճորտ լինես, հագուրդ տաս ստոր բնազդներիդ:
«ՍԱՍ»-ի պատմությունը, սկանդալային ձայնագրությունը բացահայտում է ողբերգություն, որի ծավալն ավելի խորքային է, քան ընտրության, քվե առնել-պարտադրելու հարցերը: «ՍԱՍ»-ը սուպերմարկետների ցանց է, որ սպասարկման որակով, մենեջմենթով հայաստանյան իր գործընկերների մեջ ամենամոտն է արևմտյան չափանիշներին, ու պարզապես սարսափելի է այն կոնտրաստը, որ մեր երկրում կա ձևի ու բովանդակության միջև: Եթե «ՍԱՍ»-ում այս ողբերգական վիճակն է, երբ եվրոպական ցուցափեղկի թիկունքից փչում է ասիական գարշահոտությունը, կարելի է պատկերացնել, թե ինչ է կատարվում մյուս տնտեսվարող սուբյեկտներում, որոնց տերերը հպարտանում են իրենց «եվրասիական» մենթալիտետով:
Պարադոքսալ է, որ բարեկեցիկ Ֆրանսիայում նախագահի բոլոր թեկնածուները հիմնական ուշադրություն էին դարձնում աշխատանքի խնդրին, աշխատավորների բժշկական ապահովագրությանը, սոցիալական փաթեթին, իսկ Հայաստանի պես աղքատ երկրում աշխատանքը, աշխատավորն իսպառ բացակայում են ընտրական օրակարգից: Ֆրանսիայի նախագահական ընտրությունների հինգ հիմնական թեկնածուներից երկուսը սոցիալիստներ են, Հայաստանում քաղաքական դաշտի ձախ սեգմենտն ու արհմիութենական շարժումը դարձել են պատմություն:
Ճորտերը բարեկեցիկ կյանք և իրավունքներ չեն ունենում: Մի կտոր հացն ու տեսարանը խրախճանքի համար բավարար են: Նման մի բան այսօր կտեսնենք:



Читайте также

Оставить комментарий