Յուլիա Լատինինա. «Հիշեցնեմ, որ կա նման երկիր՝ Հայաստան, ռուսաստանյան մեր սատելիտը»

irevanaz.comԳյումրիում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից 6 հոգանոց հայկական ընտանիքի սպանությունը բողոքի ալիք բարձրացրեց ամբողջ Հայաստանում: Ցուցարարները պահանջում են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաև փակել Գյույմրիում տեղակայված ռուսական ռազմակայանը: Մեկնաբանելով Գյումրիի վերջին դեպքերը՝ հայտնի ռուս լրագրող Յուլիա Լատինինան, ով հայտնի է իր սրաթափանց մտքով,  «Эхо Москвы» ռադիոկայանի եթերից հայտարարել է, որ այսօր Հայաստանը Ռուսաստանի սատելիտն է, այսինքն՝ ձևականորեն անկախ պետություն է համարվում, բայց իրականում ամբողջապես գտնվում է Ռուսաստանի քաղաքական և տնտեսական ազդեցության տակ:  
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատված օրիորդ Լատինինայի երեկվա հաղորդումից, որից Հայաստանի բնակիչները, քաղաքական էլիտան, ինչպես նաև Ռուսաստանի իշխանություններն օգտակար շատ բան կիմանան իրենց, ինչպես նաև կատարված ողբերգության էության ու նրա հետևանքների մասին։
«Բարի՛ երեկո։ Սկսեմ Հայաստանի մասին հարցից։ Մի քանի հարց այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում։ Հիշեցնեմ, որ կա նման երկիր՝ Հայաստան, ռուսաստանյան մեր սատելիտը։ Մենք, ընդհանուր առմամբ, մատների վրա կարող ենք հաշվել մեր սատելիտներին, ընդ որում՝ չհանելով մեր սապոգներն ու ձախ ձեռնոցը։ Դրանք են՝ Հարավային Օսիան, որը մենք վերածել ենք ՀԱՄԱՍ-ի, Աբխազիան, որտեղ իրավիճակը միանգամայն աղետալի է, Մերձդնեստրը նույնպես աղետալի վիճակում է, և ահա Դոնբաբվեն, որը մենք վերածել ենք շատ մեծ ՀԱՄԱՍ-ի, որտեղ բավական անմեղսունակ լյումպենները գնդակահարում են ընտանիքներ և խլում բնակարաններ ու մեքենաներ, և այս ամենը, բնականաբար, «անիծյալ ուկրաինացի ֆաշիստների»  կողմից գնդակահարվածներին պաշտպանելու պատրվակի տակ, բայց դե գնդակահարվածները, բնական է... յուրաքանչյուրը, ում գնդակահարում են, նույնպես ուկրաինացի ֆաշիստ է դառնում։ Եվ հինգերորդը Հայաստանն է։ Հայաստանը մեզնից փախչելու տեղ չունի. երկիրը մտել է Մաքսային միություն՝ ի տարբերություն... ադրբեջանցիների, ի տարբերություն այդ նույն Ուկրաինայի։ Հասկանալի է, թե ինչու։ Որովհետև փոքրիկ ու աղքատ Հայաստանի կողքին հզոր ու հարուստ Ադրբեջանն է։
Նշենք, ի դեպ, թե ինչպես են փոխվել դերերը 20 տարվա ընթացքում, որովհետև դեռ 20 տարի առաջ Հայաստանն ավելի առաջավոր, ավելի զարգացած երկիր էր թվում։ Այդ 20 տարվա ընթացքում Հայաստանից հեռացել է արդյունավետ ստեղծագործ բնակչության զգալի մասը։ Իսկ Ադրբեջանը, ըհդհակառակը, շնորհիվ նավթի և բավական խելամիտ քաղաքականության, խիստ զարգացել է և վերելք ապրել։ Եվ քանի որ Հայաստանը հայտնվել է փակուղում, միակ բանը, որ Ադրբեջանին հետ է պահում Լեռնային Ղարաբաղը զավթելուց, բնականաբար, ռուսական օգնությունն է Հայաստանին։
Եվ ահա սա երկիր է, որն ամեն հարցում մեզ հնազանդ է, մեր հետևից է գալիս, ինչպես պոչը՝ շան հետևից... Հունվարի 12-ին ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը ծառայում է Գյումրիի ռուսական ռազմակայանում (արտասահմանում այնքան էլ շատ չեն մնացել մեր ռազմակայանները), կամ որոշել է փախչել ռազմակայանից, կամ պարզապես զբոսնելու է դուրս եկել, կամ Ավետիսյանների ընտանիքից ջուր է խնդրել՝ նրան ջուր չեն տվել, կամ ուժեղ կայֆի տակ է եղել, կամ էլ՝ ռազմակայանում առհասարակ այդպիսի բարդակ է (այնպես է թվում, որ ռազմակայանում շատ ուժեղ բարդակ է)։ Եվ եթե այս զինվորը կայֆի տակ էր, ապա, թերևս, սա միակ կայֆը չէր, որը վաճառվում է ռազմակայանի տարածքում։ Կարճ ասած՝ նա գնդակահարել է ողջ ընտանիքին։ Քանի որ երկամյա երեխայի համար փամփուշտ չէր հերիքել, նրան էլ մորթել էր ավտոմատի սվինով։ Ինչպես հետագայում է պարզաբանել, նա վախեցել է, թե այդ մարդիկ նրան կմատնեն, երկամյա երեխան էլ նրան կճանաչի։ Բայց դե փամփուշտը չէր հերիքել, ստիպված էր մորթել։
Տանը գտել էին նրա կոշիկներն ու հագուստը, և կոշիկի վրա, բնականաբար, նրա ազգանունն էր. «Պերմյակով»։ Պերմյակովին հաջորդ օրը ձերբակալել էին Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու։ Իսկ այնուհետև գալիս է իսկական վե՛րջը, որովհետև նրան հայկական իշխանություններին դատելու համար հանձնելու փոխարեն նրան հանձնում են այդ նույն 102-րդ ռազմակայանի հրամանատարությանը։
Այն բանից հետո, երբ, թերևս, ինչ-որ մեկը Կրեմլում որոշեց ոտքերը սրբել հայ ժողովրդի վրա։ Հիշեցնեմ, որ, ի դեպ, համանման իրադրություն, հիշո՞ւմ եք, եղավ Պոդոլսկի մոտ կատարված ճանապարհատրանսպորտային պատահարի պարագայում. վարորդը հայ էր, որին դատարանի դահլիճ քարշ տվեցին կանացի խալաթով. նույնպես շատ մարդ էր զոհվել։ Բայց այն ժամանակ, գիտեք, Հայաստանին ինչ-որ չհանձնեցին այդ հային, որը հանցագործություն էր կատարել Ռուսաստանում, որպեսզի այնտեղ դատեին նրան։
Բայց միանգամայն անհասկանալի է, թե ինչու մենք որոշեցինք պաշտպանել մեկ առանձին վերցրած զինվոր Պերմյակովի պատիվը, թեև, բնականաբար, նրան կդատեն Ռուսաստանի տարածքում։ Բայց ուշադրություն է գրավում այն, որ օտար երկրի տարածքում մենք մեզ պահեցինք անգամ ոչ թե ինչպես գաղութի տարածքում կպահեինք, այլ հայ ժողովրդի համար ամենավիրավորական ձևով, ընդ որում՝ պարզապես այն բանի համար, որ այդպես կարելի է, որովհետև այդպիսին է Կրեմլի վեհության գաղափարը միջազգային քաղաքականությունում։
Ինձ շատ հաճախ թվում է, թե՝ գիտեք, մեր Կրեմլում մտածում են, թե երկրի մեծությունն այն է, գիտեք, երբ մեծ ժողովի են կանչում բոլորին, ու ժողովի մեջտեղում, երբ ոմանք ճառ են ասում, մյուսներն ուտելիքներից են օգտվում, իսկ ահա խուլիգանը շալվարի միջից հանում է իր առնանդամն ու բոլորի ներկայությամբ միզում։ Եվ բոլոր ներկա գտնվողներն ասես թաքցնում են աչքերը, որովհետև նա ասես թե... չի գնդակահարել, նա պարզապես մի ինչ-որ տարօրինակ բան է արել։ Ինչպե՞ս արձագանքել նման գործողություններին։ Բոլորը թաքցնում են աչքերը, իսկ խուլիգանը մտածում է. «Ի՜նչ կռուտոյ եմ ես, տեսա՞ք՝ ոնց բոլորը թաքցրին աչքերը և ոչ ոք քիթումռթիս չտվեց»։ Սույն պարագայում մենք նույնն արեցինք Հայաստանի հետ։ Արդյունքը, հավանաբար, այնքան էլ հաճելի չէր ռազմակայանի հրամանատարության և Կրեմլի համար, որովհետև Հայաստանում սկսեցին հավաքվել բազմահազարանոց ցույցեր, սկսեցին շրջապատել ռազմակայանը, ցույցեր արեցին ռուսական դեսպանության առջև՝ պահանջելով ոտքերը չսրբել հայ ժողովրդի վրա։
Եվ համապատասխանաբար, ես երկու հարց ունեմ։ Հասկանալի է, որ ոչ մի կրիտիկական բան Հայաստանում տեղի չի ունենա։ Հազիվ թե այնտեղ մայդան ձևավորվի, որը թախտից կգցի Սարգսյանին։ Բայց կա երկու բան։ Մեկը զուտ գործնական է։ Այդ մեզ թվում է, թե Հայաստանը շատ հեռու է։ Իրականում այն հեռու է, նրանք «անիծյալ պինդոսները» չեն, որոնց դեմ մենք մարտնչում ենք, բայցևայնպես, դա Անդրկովկասն է, բավական թեժ մի տարածաշրջան։ Իսկ կողքին Ադրբեջանն է, որի հետ հարաբերությունները մեզ համար նույնպես կարևոր են։ Եվ ահա հիմա ադրբեջանցի ժողովուրդը, որն ուրախությամբ նայում է այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ուրախությամբ այդ ամենը մատնացույց է անում և ասում. «Այ տեսաք, ինչպես են ձեզ հետ վարվում նրանք, ովքեր ձեր երկրորդական  գաղութարարներն են»։
Եվ երկրորդ բանն այն է, թե՝ այ թե ինչ է նշանակում լինել ռուսական սատելիտ։ Նայելով այն ամենին, ինչ կատարվում է ռուսական բոլոր սատելիտների հետ՝ Հարավային Օսիա, Աբխազիա, Դոնբաբվե, Մերձդնեստր. այ քեզ զարմանալի բան. երկրները տարբեր կերպ են վարվել իրենց գաղութների հետ, ի դեպ, տարբեր կերպ է վարվել նաև Ռուսաստանն իր գաղութների հետ։ Խորհրդային Միությունն էլ էր շատ բան տալիս իր գաղութներին։ Բայց հիմա մեզ մոտ մի ինչ-որ եզակի իրավիճակ է, երբ երկիրը, որը հայտնվել է մեր ազդեցության ծիրում, կամ տարածքը, որը հայտնվել է մեր ազդեցության ծիրում, չի կարող այլ բան սպասել՝ անմնացորդ նվաստացումից ու անմնացորդ կեղտից բացի, որը ոչ մի բանով չի էլ փոխհատուցվում։ Պարզապես արվելու է ամեն բան, որպեսզի այդ երկրի բնակիչներն իրենց որքան հնարավոր է վատ զգան։ Եվ մարդիկ, որոնք անում են դա, անկեղծորեն կարծում են, թե դա է՛լ ավելի կմեծացնի Ռուսաստանի վեհությունը»։



Читайте также

Оставить комментарий