Հայաստանը՝ նոր գործընկերոջ փնտրտուքների մեջ
Վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցման թեման, դրա հետևանքները Հայաստանի համար: Հասարակության տարբեր շերտերի շրջանում գնալով մեծանում են Մոսկվայի հանդեպ դժգոհությունները և քննադատությունները: Այլ կերպ ասած՝ Հայաստանում աստիճանաբար ձևավորվում է Ռուսաստանի՝ անհուսալի գործընկերոջ և ոչ բարեկամական պետության կերպար: Առաջին հայացքից դա կարող է տարակուսանք առաջացնել. ախր Ռուսաստանը Հայաստանի վաղեմի դաշնակիցն է, Հայաստանն անդամակցում է Մոսկվայի նախաձեռնած ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին, հենց Ռուսաստանի վարած քաղաքականության արդյունքում են հայերը վերաբնակեցվել թուրքական հողերում: Հայաստանի պետությունը ստեղծվել է, իր գոյությունը պահպանում է և որպես պետություն զարգանում է Ռուսաստանի շնորհիվ: Սակայն, եթե ուսումնասիրենք պատմությունը, ապա պարզ է դառնում, որ հայերը միշտ «թույլ օղակ» են հանդիսացել: Օրինակ՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերից օգտվեցին Օսմանյան կայսրության թիկունքում ապստամբություն կազմակերպելու համար: Նախորդ դարի 80-ական թվականների վերջերին հայերի հրահրած անկարգությունները բերեցին Ղարաբաղյան պատերազմի բռնկմանը, ինչն իր հերթին դարձավ ԽՍՀՄ-ի փլուզման սկիզբը: Ինչպես ասում են՝ պատմությունը կրկնվում է, և հավանաբար, այս անգամ էլ հայերին կներգրավեն ներկայիս աշխարհաքաղաքական խաղերում:
Հարկ է նշել, որ Հայաստանում առկա հակառուսական տրամադրությունները կապված են ոչ այնքան արևմտամետ ակտիվիստների գործունեության, որքան իշխանությունների և հասարակության հարաբերությունների հետ: Հայ հասարակության համար մեծ նշանակություն ունի նյութական հարցը: Այդ է հիմնական պատճառը, որ տարեկան 30-40 հազար մարդ է ընդմիշտ լքում Հայաստանը:
Մոսկվան Երևանի հիմնական առևտրային գործընկերն է և խոշորագույն օտարերկրյա ներդրողը: Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է 3 մլրդ ԱՄՆ դոլարը, իսկ Հայաստան փոխանցվող տրանսֆերտների մեծ մասը մտնում է ՌԴ-ից: Ռուսական գազը Հայաստանին վաճառվում է զեղչով, Հայաստանի էներգակիրների պահանջարկի 80%-ն ապահովում է հենց Ռուսաստանը: Եթե նախկինում հայ հասարակությունն այս օգնությունն ընդունում էր որպես պատշաճ՝ համարելով դա Ռուսաստանի պետական շահերին աջակցության դիմաց վճար, ապա տնտեսական ճգնաժամի պայմաններում այդ վերաբերմունքը փոխվեց: Այս ամենը Հայաստանի կառավարությանը և բնակչությանը ստիպում է վերանայել իրենց ռուսամետ ուղղությունը: Դժվար չէ կռահել, որ Ռուսաստանում առկա տնտեսական ճգնաժամի խորացումը կբերի Մոսկվայից Երևանի ավելի հեռացմանը: Այս պայմաններում Հայաստանը կարող է բռնել եվրաինտեգրման ուղին:
Հայաստանում վերջերս տեղի ունեցած հակառուսական ցույցերը՝ կապված Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ, ցույց տվեցին, թե հայերի մոտ որքան մեծ է անհանդուրժողականությունը Ռուսաստանի հանդեպ: Չնայած, որ հանցագործը ձերբակալվել է, հայերը չեն վստահում Մոսկվային՝ համարելով, որ «տերը» արդարացի չի լինելու իր «վասալի» հանդեպ:
Այս ամենի ֆոնի վրա միանգամայն հասկանալի է դառնում, որ ռուս-թուրքական հարաբերությունների հետ կապված դժգոհությունները Հայաստանի համար ընդամենը հերթական առիթ են հանդիսանում Մոսկվայի հետ հարաբերությունների վերանայման և նյութապես ավելի ապահով նոր գործընկեր փնտրելու համար: Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ հայ հասարակության շրջանում ի հայտ կգան նոր առիթներ: Պատահական չէ, որ որպես Հայաստանի նոր հուսալի գործընկերներ, հայկական ԶԼՄ-ները սկսել են ավելի հաճախ հիշատակել և' ԱՄՆ-ին, և' Եվրոպային, և' Չինաստանին: