ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ․ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց՝ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի և այնտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու իմ կողմից ընդունված համատեղ հռչակագրի արդյունքում, որն ստորագրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։
Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում իրեն խաղաղության մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը:
Փաշինյանը նշել է.
«Կարևոր է, որ խաղաղությունը հաստատվեց ոչ միայն թղթի վրա և լրատվամիջոցներում, այլև գետնի վրա՝ հնարավորություն տալով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին զգալ այլ կերպ։
Խաղաղության իրական ուղին սկսվեց 2024 թվականի գարնանը, երբ առաջին անգամ մեր հետխորհրդային պատմության մեջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ սահմանազատման գործընթաց։ Այդ ժամանակվանից ի վեր սահմանային միջադեպերի հետևանքով ոչ մի կողմում զոհեր չեն եղել, ինչն աննախադեպ երևույթ է 90-ականների սկզբից ի վեր։
2024 թվականին Հայաստանին և Ադրբեջանին հաջողվեց ստորագրել և վավերացնել միջպետական նշանակության առաջին փաստաթուղթը՝ երկու երկրների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։
Այս փաստաթուղթը սահմանում է, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնարար սկզբունք է հանդիսանում մեր երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման համար։
Սա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ երկու խորհրդային հանրապետությունների տարածքներին համապատասխան։
Սա այն սկզբունքն է, որն ամրագրված է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրում, որը մեր արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ընթացքում։
Նշված համաձայնագրի նախաստորագրումը և Վաշինգտոնի խաղաղության հռչակագրի ընդունումը պատմական բեկում դարձան Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։
Այս առիթով ցանկանում եմ գնահատանքս հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ում անձնական ներգրավվածությունն ու առաջնորդությունը վճռորոշ նշանակություն ունեցան։
Ցանկանում եմ նաև գնահատանքս հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին։
Ցանկանում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Չնայած հակամարտության հետևանքով առաջացած դժվարություններին, մարդկային կորուստներին և տառապանքներին՝ նրանք ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան՝ կարծես անվերջ թվացող հակամարտության փոխարեն ընտրելով խաղաղության, բարգավաճման և համագործակցության հեռանկարը <…>»։


Читайте также

Оставить комментарий