ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ. «ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՓՐԿՎԱԾՆԵՐԻՆ» ԿՇՐՋԱՆՑԻ՞
Օգոստոսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել է, որ կառավարությունը ծրագրել է մինչև 2031 թվականը 2 միլիարդ դոլարի «գույք պետք է վերադարձվի» պետությանը։ Ընդդիմադիր ուժերը, նրանց հետ աֆիլացված փորձագետները և լրատվամիջոցները կառավարության այդ քաղաքականությունը որակում են «քաղաքական հետապնդում», «ունեզրկում», «կուլակաթափություն», ինչից հետևում է, որ խնդիրը ոչ այնքան «աղքատության եզրին», որքան քաղաքական «բանադրանքի» ենթարկվելու վտանգն է։Մարտի սկզբներին մամուլին հայտնի է դարձել, որ դատախազությունը պահանջում է կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել «26 անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, 893 միլիոն 449 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 276 միլիոն 106 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով»։
Համեմատաբար շատ ավելի նվազ չափի, բայց նույնաբովանդակ հայց դատախազությունը ներկայացրել է նաև կրթության և գիտության մեկ այլ նախկին նախարարի՝ Արմեն Աշոտյանի դեմ։ Լևոն Մկրտչյանը ՀՅԴ անդամ է, Արմեն Աշոտյանը՝ ՀՀԿ փոխնախագահ։ Դաշնակցությունը և ՀՀԿ-ն մոտ երկու տասնամյակ գործադիր իշխանության կոալիցիոն գործընկերներ են եղել։
2017 թ․-ին, դա ՀՀԿ -ՀՅԴ- ԲՀԿ- կոալիցիոն իշխանության վերջին տարիներ է, Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 11,5 միլիարդ դոլար, պետական բյուջեն՝ 2,8 միլիարդ։ Նախորդ տասնհինգ-տասնվեց տարիներին, բնականաբար, Հայաստանի ՀՆԱ-ն և բյուջեն ավելի համեստ են եղել։ Բայց դա խնդիր էր միջին վիճակագրական քաղաքացու, ոչ թե՝ պաշտոնյաների և խոշոր ձեռներեցների համար։
Կրթության և գիտության նախկին նախարարների անհատական հիշատակումը զուտ խորհրդանշական է երկու առումով, եթե այդ ոլորտի պատասխանատուներն են հասցրել դոլարային միլիոնատեր դառնալ, կարելի է պատկերացնել, թե կոռուպցիան ինչ չափեր է ունեցել տնտեսության, հարկային եւ մաքսային ոլորտները, իրավապահ և դատական համակարգը վերահսկող գերատեսչություններում և նրանց ենթակա մարմիններում։
Իսկ խնդիրը քաղաքական է, քանի որ կոռուպցիայի բացահայտումը նախկին իշխանություններին զրկում է «մեր օրոք Արցախը (Գարաբաղը-Խմբ.) կար, Փաշինյանի օրոք չկա» դիսկուրսով հանրությանը գայթակղելու հնարավորությունից։ Բայց կառավարության հռչակած ծրագիրը փորձություն է ամենից առաջ իր համար։ Ընդդիմությունը պնդել, պնդում և պնդելու է, որ տեղի է ունենում «սեփականության վերաբաժանում, Փաշինյանը ստեղծում է իր տնտեսական հենարանը»։ Իշխանությունը դատապարտված է այդ խոսույթը ոչ միայն տեղեկատվա-քարոզչական միջոցներով, այլև գործանական քայլերով հերքելուն։
Ի վերջո, կոռուպցիայի և պետական միջոցների յուրացման մեջ կասկածվում են նաև «Լեռնային Ղարաբաղի» (չակերները Irevanaz.com) նախկին պաշտոնյաներ, բարձրաստիճան զինվորականներ։ Նրանց «ձեռնարկատիրական» գործունեությունը ի սկզբանե Հայաստանի տնտեսության, ֆինանսական, հարկային և մաքսային համակարգի մաս է կազմել։ <…> Ապօրինի գույքի վերադարձի քաղաքականությունը «հեղափոխությունից փրկվածներին» կշրջանցի՞։
1in.am

