ԱՄՆ-ՈՒՄ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ ԿԲՌՆԱԳՐԱՎՎԻ և ԿՎԱՃԱՌՎԻ

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի, հայտնում է Գլխավոր դատախազությունը:
«Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի», - տեղեկացնում է դատախազությունը:
Ըստ հաղորդագրության՝ առանձնատան վաճառքի արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանին վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմնի միջև բանակցություններ են ընթանում:
Գերատեսչությունը հիշեցնում է, որ Գագիկ Խաչատրյան որդիների՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների նկատմամբ իրականացվում է հանրային քրեական հետապնդում, այդ թվում՝ փողերի լվացման մեղադրանքով, Արտյոմ Խաչատրյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան, Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում: Իսկ Գագիկ Խաչատրյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու, փողերի լվացմանը հանցակցելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ գործը ներկայում քննվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում:
Համապատասխան դատական գործընթաց էր նախաձեռնվել նաև ԱՄՆ իրավասու մարմինների կողմից։ Արդյունքում, հունիսի 14-ին Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, որոնց պատկանող գույքն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով, ԱՄՆ շրջանային դատարան էին ներկայացրել գույքի բռնագրավման կապակցությամբ համաձայնություն ձեռք բերելու խնդրանք: Դատարանի` հունիսի 30-ի որոշմամբ՝ համաձայնությունը հաստատվել է:
Ըստ դատախազության, Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 25 անձանցից՝ ներառյալ որդիներից, պահանջվում է բռնագանձել 210 անշարժ գույք, 13 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 29 իրավաբանական անձերում, նաև ավելի քան 33 միլիարդ դրամ:


Читайте также

Оставить комментарий