ՀՀ-Ն ԿԱՐՈՂ Է ՌԴ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ՄՆԱԼՈՒ ՎԱՐՁԱՎՃԱՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հնարավորությանը։Այն հարցին, թե արդյոք ՔՊ իշխանությունը խնդիր չի տեսնում ռուսական ռազմաբազայի դուրսբերման մեջ և Հայաստանն անվտանգային խնդիր չունի Թուրքիայի հետ, Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է. «<…> Ռազմաբազայի դուրսբերումը բացասաբար չի ազդի Հայաստանի անվտանգության վրա, քանի որ այն չի կատարել իր պարտավորությունները»։
Ի պատասխան հարցին, թե չի բացառվում, որ Հայաստանը Ռուսաստանին դիմի բազան հանելու պահանջով, Գաբրիելյանը նշել է. «Կարծում եմ, որևիցե բան բացառված չի ապագայում։ Դա երկու պետությունների փոխհարաբերությունների շրջանակում ևս մեր իրավունքի մեջ է մտնում, որովհետև ըստ պայմանագրի՝ ռազմաբազան կարող է Հայաստանի Հանրապետությունից դուրս բերվի կողմերից մեկի պահանջով»։
Անդրադառնալով վարչապետի այն ակնարկին, որ գազի թանկացման դեպքում Հայաստանը ևս կարող է «թանկացնել» որոշ բաներ, Գաբրիելյանը հաստատել է, որ դա կարող է վերաբերել նաև ռազմաբազայի վարձավճարի բարձրացմանը. «Ինչո՞ւ ոչ։ Այո՛։ Իմ անձնական տեսակետը նաև դա է»։

