ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է. ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ

Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի և Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ նիստում Ալիևը նշել է, որ Ադրբեջանի հիմնական տարածքում նախագծի ավարտը նախատեսվում է հաջորդ տարի, իսկ Նախչըվանում աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Նրա խոսքով՝ Բաքվի մոտեցումն այն է, որ Նախչըվանի երկաթուղին պետք է հանդիսանա Ադրբեջանի երկաթուղային համակարգի մաս։ Այդ շրջանակում նախատեսվում է ստեղծել միջազգային կոնսորցիում այն ընկերությունների և երկրների համար, որոնք ցանկանում են մասնակցել նախագծին, ներդրումներ կատարել, եկամուտ ստանալ և միաժամանակ ունենալ այս երթուղով փոխադրումների երաշխավորված ծավալներ։
Ալիևը նաև հայտարարել է, թե աշխատանքներ են իրականացվում Հայաստանի տարածքում։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմին այդ մասին պարբերաբար տեղեկացնում են ամերիկացի գործընկերները։
«Մեզ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի տարածքում շինարարական աշխատանքները կսկսվեն կամ այս տարվա վերջին, կամ հաջորդ տարվա սկզբին։ Սակայն այնտեղ երկաթուղու երկարությունը կազմում է ընդամենը 42 կիլոմետր, մինչդեռ Նախչըվանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ 194 կիլոմետր։ Այդ պատճառով մենք արդեն սկսել ենք աշխատանքները և ամեն դեպքում դրանք ավարտին կհասցնենք»,– ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը հավելել է, որ նախագծի նկատմամբ տարբեր ընկերությունների հետաքրքրության դեպքում հնարավորություն կա մասնակցելու ձևավորվող միջազգային կոնսորցիումին։


Читайте также

Оставить комментарий