ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով: Ծառուկյանի փաստաբանները նշեցին՝ որոշումը կբողոքարկեն:
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց երեկ իր առանձնատանը մոտ 12 ժամ տևած խուզարկությունից հետո: Ազգային անվտանգության դիմակավորված աշխատակիցները Ծառուկյանին տարան նախ Քննչական կոմիտե՝ այստեղ նրան մեղադրանք առաջադրվեց խարդախություն կատարելու և փողերի լվացման հոդվածներով:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։
Այնուհետև, ըստ նախաքննական մարմնի, Ծառուկյանը կազմակերպել է այդ հանցավոր ճանապարհով ստացված գույքի և գումարների լվացումը՝ դրանք սեփական ընկերությունների օրինական շրջանառությանը միախառնելով։ Ինքը՝ գործարարը, մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով կեղծիք։
Ծառուկյանի փաստաբանները պնդում են՝ մեղադրանքն անհիմն է: Փաստաբանների խոսքով՝ «դատարանը փաստարկներով առհասարակ հետաքրքրված չէր»: Դատական նիստը դռնփակ էր:


Читайте также

Оставить комментарий