ՀԱՋԻԶԱԴԵ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ՄԵՐԺՈՒՄ Է ԺԱՆ-ՆՈԵԼ ԲԱՐՈՅԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ադրբեջանը կտրականապես մերժում է Եվրոպայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի կողմից մայիսի 6-ին Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ արված հայտարարությունները, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։ Նա նշել է, որ ֆրանսիացի նախարարի կողմից «Լեռնային Ղարաբաղ» տերմինի օգտագործումը՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածք հանդիսացող ղարաբաղյան տարածաշրջանի համար, անընդունելի է։ «Այն ժամանակ, երբ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան իր ինքնիշխան տարածքներում իրականացված արդարացի պատերազմից հետո, տարածաշրջանում ստեղծվել են կայուն խաղաղության պայմաններ, մենք խստորեն դատապարտում ենք ֆրանսիական կողմի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում սեփական տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը, ինչպես նաև նրա մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։ Ֆրանսիացի նախարարը, անտեսելով հայկական օկուպացիայի ընթացքում ադրբեջանական տարածքներում հարյուրավոր մզկիթների և մշակութային ժառանգության այլ նմուշների ոչնչացումը, մեկնաբանում է օկուպացիայից մնացած որոշ շենքերի քանդումը և անտեղի հղում է կատարում Միջազգային դատարանում ընթացող դատավարություններին։ Սա երկակի մոտեցման հստակ օրինակ է», - նշել է Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։
