ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՑ - ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ
Հայաստանը և հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն այն ադրբեջանցիներից, ովքեր 30 տարի չեն կարողացել վերադառնալ հայրենիք։Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ «Խաղաղության լեզուն և պայքարը դեզինֆորմացիայի դեմ» խորագրով հատուկ նիստում՝ Բաքվի մշակույթի և լրատվամիջոցների շուրջ երկխոսության հարթակի շրջանակներում։
«Կան որոշակի իրադարձություններ, որոնք մենք չենք կարող ջնջել պատմությունից։ Սակայն մենք մտադիր չենք վրեժ լուծել։ Երկարատև խաղաղություն հաստատելու համար մենք պետք է շարունակենք քայլեր ձեռնարկել և նախաձեռնություններ առաջ քաշել։ Հայաստանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանական ժողովրդից», - ընդգծել է Հաջիևը (մեջբերում է APA-ն)։
Նախագահի օգնականը նաև նշել է, որ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել, բայց այն կարող է մնալ միայն թղթի վրա։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը պետք է շոշափելի ներդրում ունենա երկու երկրների կյանքում։ Հաջիևը հիշեցրել է, որ տարիներ տևած պատերազմից հետո 2025 թվականին խաղաղության համաձայնագրի հասնելը հեշտ գործընթաց չէ։ Նախագահ Իլհամ Ալիևը ցուցաբերեց բարի կամք, և խաղաղության համաձայնագրի նախնական սկզբունքները մշակեց Ադրբեջանը։
Նա ընդգծեց, որ համաձայնագիրը նախաստորագրվել է Վաշինգտոնի գագաթնաժողովում, որից հետո Բաքուն կարևոր քայլեր է ձեռնարկել խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

