ՀԱՅԱՑՔ ԵՐԵՎԱՆԻՑ. ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ» Է ՍԱՀՄԱՆԵԼ
Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 6-ին այցելել է Թբիլիսի: Ինչպես հայտնել են վրացական լրատվամիջոցները, նրա պաշտոնական ընդունելությունը կազմակերպվել է Վրաստանի «Օրբելիանի» նախագահական պալատում: Ալիևին անձամբ դիմավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին: Այնուհետև կայացել է երկու նախագահների դեմ առ դեմ հանդիպումը, որի մասին Միխեիլ Կավելաշվիլին սոցցանցային համառոտ գրառում է կատարել:Ըստ այդմ, Իլհամ Ալիևի հետ առանձնազրույցի ընթացքում նա «Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը հաստատակամորեն աջակցելու համար» Ադրբեջանի նախագահին «իր և Վրաստանի ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել»:
Թբիլիսիում կայացել է նաեւ Իլհամ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը: Ալիևը և Կոբախիձեն նախ բանակցել են դեմ առ դեմ, ապա՝ կողմերի պատվիրակությունների ձևաչափով, ապա հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Իլհամ Ալիևը իր խոսքում ընդգծել է, որ այսօր Հարավային Կովկասում «ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ», և տարածաշրջանի երկրները «չպետք է բաց թողնեն այդ հնարավորությունը»:
Ալիեւը նշել է, որ «աշխարհում, ցավոք, խախտվում են խաղաղությունը, անվտանգությունը, ինչի հետևանք են դառնում պատերազմները, տառապանքները և կորուստները»:
Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ «նման իրավիճակ երբևէ եղել է նաև Հարավային Կովկասում, բայց Հարավային Կովկասը այսօր խաղաղության, կայունության և համագործակցության տարածք» է:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացը, հավաստիացրել, որ «Վրաստանը ամուր աջակցում է տարածաշրջանում խաղաղ համակեցությանը, կառուցողական համագործակցությանը և բոլոր նոր նախաձեռնություններին»: Նա վերստին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին «ըստ անհրաժեշտության ներդրում ունենալու» պատրաստակամություն է հայտնել:
Պաշտոնական հայտարարություններից բավական բարդ է դատել, թե իրականում ի՞նչ նպատակ է հետապնդել Ադրբեջանի նախագահի Թբիլիսի այցը, բայց կողմերի հրապարակային խոսույթից կարելի է եզրակացնել, որ էական է դիտվել Հարավային Կովկասի կայունության պահպանումը և երեք երկրների միջև «խաղաղ համակեցության և կառուցողական համագործակցության» հաստատման հեռանկարը: Ալիևը և Կոբախիձեն, իհարկե, անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթին, բայց Վրաստանի վարչապետը նաև հստակ ընդգծել է, որ Հարավային Կովկասը «միասնական ռազմավարական տարածք» է:
Հեղինակ՝ Վահրամ Աթանեսյան:

