ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻԱՆՇԱՆԱԿՈՐԵՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է «ՄԵԿ ՉԻՆԱՍՏԱՆ» ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԹԱՅՎԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանը միանշանակորեն հավատարիմ է «Մեկ Չինաստանի» դիրքորոշմանը և չի ճանաչում Թայվանի անկախությունը։Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը չինական «Global Times» հրատարակությանը տված հարցազրույցում։
«Ադրբեջանը չի ճանաչում Թայվանի անկախությունը։ Մենք առաջին երկրներից մեկն էինք, որը դատապարտեց այսպես կոչված ընտրությունները Թայվանում 2024 թվականի հունվարին։ Ադրբեջանը միանշանակորեն աջակցում է «Մեկ Չինաստանի» սկզբունքին», - ասել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։
Նախարարը ընդգծել է, որ Թայվանի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է, հետևողական և ամուր հիմնված է միջազգային իրավունքի սկզբունքների վրա։
«Ադրբեջանը կարծում է, որ սադրանքները, միակողմանի քայլերը կամ ստատուս քվոն արտաքին միջամտությամբ փոխելու փորձերը միայն մեծացնում են բախման ռիսկը և խաթարում վստահությունը միջազգային հարաբերություններում», - հավելել է Բայրամովը։
Արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թայվանի հարցում Չինաստանին Ադրբեջանի աջակցությունը արտացոլում է ոչ միայն երկրի հավատարմությունը միջազգային իրավունքին, այլև պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքը և փոխադարձ վստահությունը, որը հիմքում ընկած է Բաքվի և Պեկինի միջև համապարփակ ռազմավարական գործընկերությունը։

