ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՎԻԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ. ՕՎԵՐՉՈՒԿ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ռուսական Առաջին ալիքի եթերում զգուշացրել է՝ Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության դեպքում ՀՀ-ն ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա։«Եվրոպական Միության երկրների հետ հիմա ավիահաղորդակցություն չկա։ Սա նշանակում է, որ Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա», - ասել է փոխվարչապետը։
Օվերչուկի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն պաշտոնական Երևանի կողմից Եվրոպական Միության հետ մերձեցման վերաբերյալ ընդունված որոշման հնարավոր հետևանքները։
«Գուցե շատ կոշտ է հնչում, բայց մենք ցանկանում ենք, որ Հայաստանում մարդիկ հասկանան, որ եթե դա տեղի ունենա, ապա տեղի կունենա, քանի որ ընդունվել են Եվրոպական Միության հետ մերձեցման որոշումներ», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան։
Պաշտոնական Երևանը հայտարարել է՝ նպատակ ունի ի վերջի անդամակցել Եվրոպական Միությանը։ Ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Կրեմլում կայացած հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտեց, որ միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ-ի, և՛ ԵՄ-ի անդամ հնարավոր չէ։

