ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. «ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԵՐԵԿ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՄԵՐԻԿԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ ԷՐ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»
Վաշինգտոնում երեկ ստորագրված ամերիկա-հայկական շրջանակային համաձայնագիրը, որ վերաբերում էր «Թրամփի ուղուն», կարևոր քայլ էր՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման ճանապարհին, այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ այս փաստաթղթի ընդունումը մեկ անգամ ևս վկայում է ամերիկյան կողմի՝ օգոստոսի 8-ի համաձայնագրին հավատարմության մասին։
«Սա կարևոր քայլ է նաև Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարման տեսանկյունից»,- նշել է Հաջիզադեն՝ ընդգծելով, որ Նախչըվանի հետ անխափան կապը շարունակում է մնալ Ադրբեջանի առանցքային առաջնահերթությունների թվում։
TRIPP-ի «իրականացման շրջանակի» համաձայն՝ հայ-ամերիկյան համատեղ ընկերությունը կկառուցի երկաթուղի, ավտոմայրուղի, էներգամատակարարման գծեր և այլ ենթակառուցվածքներ տարանցիկ միջանցքի երկայնքով, ինչպես նաև առնվազն 49 տարի կկառավարի դրանք և կգանձի դրանցից ստացվող եկամուտները։

