ԱՄՆ-Ը ՈՒ ՀՀ-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԵՆ ԹՐԻՓՓ-Ի ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։
Հայտարարության տեքստը տարածվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունների կողմից։
«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս փաստաթուղթը, որը հրապարակված է ստորև, նոր քայլ է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված հանձնառությունների կյանքի կոչման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղության գործին նպաստելու համար։
Շրջանակն ուրվագծում է ԹՐԻՓՓ-ի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։
Արտացոլելով 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի կողմից հյուրընկալած պատմական Խաղաղության գագաթաժողովում հաստատված սկզբունքները՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակն ընդգծում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը ԹՐԻՓՓ-ի ընդհանուր հաջողության համար: ԹՐԻՓՓ-ի վերջնական նպատակն է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը և խթանել ամերիկյան առևտուրն՝ ընդլայնելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապվածությունը, ինչպես նաև ստեղծելով Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը Եվրոպային կապող նոր տարանցիկ հնարավորություններ»:


Читайте также

Оставить комментарий