ՀՀ-Ի ԵՎ ԱՀ-Ի ՄԻՋԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԱՐԴԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ. ՓԱՇԻՆՅԱՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Բեռլինում այցելել է Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն:Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Հարգելի գործընկերներ,
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Ինձ համար մեծ պատիվ է երկու տարի անց վերադառնալ Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն: Կցանկանայի արտահայտել իմ անկեղծ երախտագիտությունը երկրորդ անգամ ինձ ընդունելու համար:
Եթե փորձենք համեմատել քննարկումների վերնագրերը՝ «Հայաստանի հեռանկարները խաղաղության ինստիտուցիոնալացման, տարածաշրջանային կապի և ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ», նախորդի՝ «Անվտանգություն և կայունություն Հարավային Կովկասում» հետ, դա կարտացոլի պատմական զարգացումները և հետագա հեռանկարները մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում:
Այսօր կարող եմ վստահորեն հայտարարել, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղություն հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև, երբ ես և Ադրբեջանի նախագահը ստորագրեցինք համատեղ հռչակագիրը, որին ներկա էր նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Հռչակագրի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանն ընդգծել են պայծառ ապագայի համար այնպիսի ուղի մշակելու անհրաժեշտությունը, որը կապված չէ անցյալի հակամարտություններով և համապատասխանում է Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին։
Մենք պարտավորվեցինք ճանապարհ հարթել մեր երկու երկրների միջև թշնամանքի գլուխը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ՝ հիմա և ապագայում։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի համաձայնեցված տեքստը նախաստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից՝ նախագահ Թրամփի, նախագահ Ալիևի և իմ ներկայությամբ։
Վաշինգտոնում ձեռք բերված կարևորագույն առաջընթացներից մեկը երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման համաձայնագիրն է ներպետական, երկկողմ և միջազգային տրանսպորտի համար՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Այս ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ փոխադարձ օգուտներ բերելով Հայաստանի Հանրապետության միջազգային և ներպետական կապի համար։
Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին ինտենսիվ բանակցություններ ենք վարում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։
«TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Մենք արդեն հաջորդ տարի կանցնենք փաստացի իրականացման և շինարարության փուլին։
Այս նախագծի իրականացումը, որը լիովին համապատասխանում է մեր Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, տարածաշրջանում կստեղծի լրացուցիչ կապեր և փոխկախվածություններ՝ դառնալով խաղաղության ևս մեկ կարևոր գործոն։
Փաստորեն, «TRIPP ուղի» նախագիծը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացումը, ունեն լիարժեք ներուժ` դառնալու Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ՝ ապահովելով Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև անխոչընդոտ կապ։
Տիկնայք և պարոնայք,
Ցանկանում եմ նաև տեղեկացնել ձեզ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների աստիճանական բացման քաղաքական համաձայնագիրն արդեն
իրականություն է դառնում։
Հոկտեմբերին նախագահ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։ Սա շատ նշանակալի և դրական զարգացում է։ Այն, ինչ անհնար էր թվում ընդամենը մի քանի ամիս առաջ, այժմ իրականություն է. Ղազախստանից Հայաստան երկաթուղով հացահատիկ է տեղափոխվել Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Մեր հերթին, ինչպես հրապարակավ հայտարարել ենք, Հայաստանը պատրաստ է թե՛ քաղաքական առումով, թե՛ տեխնիկապես հնարավորություն տալ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բեռների տարանցմանն իր տարածքով։
Այս ամենը հաշվի առնելով՝ վստահ եմ, որ հաստատված խաղաղության նկատմամբ ամենօրյա հոգատարության, Վաշինգտոնի հռչակագրի ոգուն հավատարիմ մնալու և գործընթացը խաթարող խոսույթներից հրաժարվելու միջոցով՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները կկարողանան ինստիտուցիոնալացնել երկու երկրների միջև երկարատև խաղաղությունը։
Իհարկե, խոսելով մեր տարածաշրջանի մասին, ես պետք է նաև այս հարգարժան լսարանին տեղեկացնեմ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա իրավիճակի մասին։
Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում մեր նախորդ հանդիպումից ի վեր մենք ականատես ենք եղել Հայաստանի և Թուրքիայի միջև շփումների ակտիվացմանը։ Այս շփումները տեղի են ունենում գրեթե բոլոր մակարդակներում՝ իմ և նախագահ Էրդողանի, մեր Արտաքին գործերի նախարարների և հատուկ ներկայացուցիչների, երկու Արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև համապատասխան ոլորտային նախարարությունների միջև։
Գործնականում մենք շատ ակտիվ բանակցություններ և հարաբերություններ ենք պահպանում պաշտոնական Անկարայի հետ, նույնիսկ դե յուրե դիվանագիտականհարաբերությունների բացակայության պայմաններում։ Եվ ես հույս ունեմ, որ Թուրքիան կկայացնի երկար սպասված քաղաքական որոշումը՝ բացելու Հայաստանի հետ սահմանը և հաստատելու դիվանագիտական հարաբերություններ։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, «TRIPP ուղի» նախագիծը, Հայաստանի և Ադրբեջանի բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ, կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ կարող են Հարավային Կովկասը դարձնել ամենագրավիչ տարանցիկ միջանցքներից մեկը՝ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք երթուղիների հետ միասին։ Եվ մենք եռանդուն աշխատում ենք այս պատմական հնարավորությունն իրացնելու ուղղությամբ...»

