ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՀԱՍԵԼ ԵՆՔ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ, ՆՈՒՅՆԻՍԿ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ: ՍԱ ՓՈՔՐ ՔԱՅԼ Է, ՍԱԿԱՅՆ, ՍԱ ՃԻՇՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՐՎԱԾ ՔԱՅԼ Է

Խաղաղության պայմանագրի տեքստի մոտ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է, Իտալիայում միջազգային ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանագծման, նույնիսկ սահմանազատման գործընթացին։ Սա փոքր քայլ է, 13 կիլոմետրանոց հատված է սահմանազատվել, մենք 1000 կմ սահման ունենք Հայաստանի հետ: Սակայն, սա ճիշտ ուղղությամբ արված քայլ է, և մենք հուսով ենք, որ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը», - ասել է նա։
Իտալիայում գտնվող Ադրբեջանի նախագահը նաև հանդիպում է ունեցել Նախարարների խորհրդի նախագահ Ջորջիա Մելոնի հետ, քննարկել են տարածաշրջանայաին հարցեր։
Նախարարների խորհրդի նախագահը վերահաստատել է Իտալիայի հանձնառությունը կովկասյան տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճման հարցում, ինչպես նաև աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, որի նպատակը պետք է լինի կայուն խաղաղությունը։ Նախագահ Մելոնին ընդգծել է՝ Եվրամիությունն այս գործընթացի անբաժանելի մասն է, և որ ԵՄ-ի հետ համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ բացել ողջ տարածաշրջանի համար՝ նաև կապի առումով։
Հաղորդվում է, որ կողմերը հաստատել են նաև երկու ժողովուրդների միջև գործընկերության ռազմավարական բնույթը, պատրաստակամությունը շարունակել խորացնել համագործակցությունը հետաքրքրության բոլոր ոլորտներում՝ սկսած էներգետիկայից, նաև նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ում Ադրբեջանի նախագահությունից առաջ։
Հանդիպումից հետո ENI-ն և SOCAR-ը ստորագրել են փոխըմբռնման երեք հուշագիր՝ էներգետիկ անվտանգության, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և կենսավառելիքի արտադրության շղթայի ոլորտներում։


Читайте также

Оставить комментарий