​ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ՝ ԷՆՏՈՆԻ ԲԼԻՆԿԵՆԻՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՆ-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՔԱՅԼԵՐԸ ԼՈՒՐՋ ՎՆԱՍ ԵՆ ՀԱՍՑՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ադրբեջանի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին հայտարարություններն ու քայլերը լուրջ վնաս են հասցրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա ընդգծել է, որ նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի լսումների ժամանակ Ադրբեջանի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ Բրայենի հայտարարությունները կողմնակալ են, չեն արտացոլում իրական իրավիճակը և դրանք վճռականորեն մերժվում են Ադրբեջանի կողմից։ Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմը հաշվի է առել ԱՄՆ հայտարարությունը Ադրբեջանի հետ երկկողմ հանդիպումների և բարձր մակարդակի շփումների չեղարկման մասին, և որ «մեր երկկողմ հարաբերություններն այլևս չեն կարող լինել նախկինի պես», և տվել է համարժեք պատասխան։ Նախագահ Իլհամ Ալիևը հիշեցրել է, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել այս կապակցությամբ, և ադրբեջանական կողմն իր հերթին չեղարկել է բարձր մակարդակի այցերը Միացյալ Նահանգներից։ Հարաբերությունների կարգավորման նպատակով պետքարտուղար Բլինկենը թույլտվություն է խնդրել, որպեսզի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ Բրայենը դեկտեմբերին այցելի Ադրբեջան։ Նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել է այն պայմանով, որ այցից հետո Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ԱՄՆ մեկնելու անհիմն արգելքը վերացվի։ Բլինկենն ընդունել է այս պայմանը։ Միաժամանակ նշվել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի առնչությամբ 2023 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված առաջարկությունների պատասխանը Երևանը տվել է նոյեմբերի 21-ին։ Այսպիսով, Հայաստանը 70 օր ձգձգել է իր պատասխանը։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստն օգտագործում է որպես պատրվակ՝ ձգձգելու բանակցային գործընթացը։


Читайте также

Оставить комментарий