ԲԱՔՈՒՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ. ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՄՈՏԵՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՅԴ ԵՐԿԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԿՈՐՑՆԵԼ ՄԻՋՆՈՐԴԻ ԻՐ ԴԵՐԸ

Ամերիկայի Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցման հետևանքով այդ երկիրը կարող է կորցնել միջնորդի իր դերը, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Ըստ արտաքին քաղաքական գերատեսչության՝ ԱՄՆ Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում նախօրեին տեղի ունեցած լսումների ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը հանդես է եկել անհիմն հայտարարություններով։
«Կարևոր է նշել, որ այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»,- նշվում է հայտարարությունում:
Գերատեսչությունը նաև պնդում է, որ «Ադրբեջանը միշտ հարգել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:
Հաշվի առնելով Օ՛Բրայանի մեկնաբանությունները՝ Բաքուն հայտարարում է, որ «նման պայմաններում Ադրբեջան ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների այցերի հնարավորությունն անտեղի է համարում»։
«Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, որ ամերիկյան կողմն իր նախաձեռնությամբ հետաձգել է Ադրբեջանի հետ երկկողմ հանդիպումներն ու բարձր մակարդակի շփումները, և որ մեր երկկողմ հարաբերությունները չեն կարող նույնը լինել, ապա մենք կցանկանայինք նշել, որ հարաբերությունները չեն կարող միակողմանի լինել: Այսպիսով, նույն մոտեցումը հավասարապես կկիրառվի նաև Ադրբեջանի կողմից։ Նման պայմաններում մենք աննպատակահարմար ենք համարում նաև Ադրբեջան ԱՄՆ-ի բարձր մակարդակի ներկայացուցիչների այցերը»,- նշվում է մեկնաբանության մեջ։
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն այսօրվա հայտարարությունում անդրադարձել է նաև 907-րդ բանաձևին:
«Ինչ վերաբերում է 907-րդ հոդվածի կասեցման խնդրի վերաբերյալ Ջեյմս Օ'Բրայանի մեկնաբանությանն, ապա, ըստ երևույթին, ամերիկյան կողմը կրկնում է նույն սխալը, որը թույլ է տվել Ադրբեջանի նկատմամբ, որը պատժամիջոցների էր ենթարկվել այդ լրամշակմամբ, չնայած 1992 թվականին հանդիսացել է ագրեսիայի և օկուպացիայի ենթարկված պետություն»,- ասվում է փաստաթղթում:
«2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, երբ Ադրբեջանը աջակցեց ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի ջանքերը, հենց ամերիկյան կողմն է որոշել նույն թվականին ժամանակավորապես կասեցնել 907-րդ լրամշակումը: Ադրբեջանն է, որ օգնության ձեռք է մեկնել ամերիկյան կողմին՝ ԱՄՆ-ի համար բացելով իր օդային տարածքը և նյութատեխնիկական ապահովման օբյեկտները: Ադրբեջանն Աֆղանստանում ԱՄՆ-ի կողքին կռված առաջին երկրներից էր, որը նաև վերջինը լքեց Աֆղանստանը։ Սակայն, պարզվում է, որ ամերիկյան կողմը միշտ ժամանակավոր է համարել Ադրբեջանի աջակցությունը»,- նշվում է հայտարարությունում:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Միացյալ Նահանգները չպետք է մոռանա, որ պատմությունը կարող է կրկնվել։
«907-րդ լրամշակման կիրառումը ժամանակավորապես կասեցնելու հարցում ամերիկյան կողմի այդ արհամարհական պահվածքը չարամիտ քայլ է Ադրբեջանի դեմ»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Բաքուն Վաշինգտոնին նաև քննադատում է հայ անջատողականներին սատարելու համար:
Հայտարարությունում ասվում է, թե «Ադրբեջանը ոչ միայն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, այլև իր տարածքի գրեթե 30 տարվա օկուպացիայի ընթացքում հավատարիմ է եղել միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ներառյալ խաղաղ գործընթացը»։ Մինչդեռ, ամերիկյան կողմը, որը միջնորդներից է, պատասխանատու է նաև այն բանի համար, որ երբևէ ագրեսոր հանդիսացող և տարածաշրջանն ապակայունացման տանող Հայաստանին կոչ չի արել գործել միջազգային իրավունքին համապատասխան:
«Բացի այդ, Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որը պաշտոնապես ֆինանսավորել է նշված ռեժիմը և պարբերաբար կազմակերպել դրա ներկայացուցիչների այցերը Միացյալ Նահանգներ և հանդիպումները ԱՄՆ պաշտոնյաների հետ, ուստի, ԱՄՆ պատասխանատվություն է կրում երկակի չափանիշների կիրառումը չկանխելու համար», - ասվում է հայտարարությունում:


Читайте также

Оставить комментарий