ԷԲՐԱՀԻՄ ՌԱԻՍԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Նոյեմբերի 9-ին Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը, որի ընթացքում վերջինս աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և նշել, որ Իրանը պատրաստ է մասնակցել տարածաշրջանի վերակառուցմանը:
Հանդիպմանը քննարկվել են Արազ գետի վրայով Աղբանդի ուղղությամբ երկաթուղային և ճանապարհային կամուրջների կառուցման և Իրանի տարածքով միջանցքի կառուցման հետ կապված հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի երկայնքով Ադրբեջանի տարածքում երկաթուղային ենթակառուցվածքի թողունակության մեծացման և Ռաշթ-Աստարա երկաթուղու հետ համաժամանակյա շինարարության իրականացման շուրջ։
«Ի հակադրություն թշնամիների ցանկության՝ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են, և երկու երկրների վատը կամեցողների դավադրությունները ձախողվել են»,- ասել է Ռայիսին և հավելել, որ երկու երկրների հարաբերությունները խոր և անքակտելի կապերի վրա են հիմնված:
Ալիևը ևս կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը: Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու Իրանի դիրքորոշման համար և ընդգծել, որ Թեհրանի ու Բաքվի տարածաշրջանային համագործակցությունը երկու երկրների ու ժողովուրդների օգտին է:
«Երկու երկրների հարաբերությունները խաթարելու որոշ օտար երկրների ջանքերն օգուտ չեն տվել և չեն տալու»,- ասել է Իլհամ Ալիևը:
Նախագահները քննարկել են նաև տարանցման և էներգետիկայի ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր։ Ընդգծվել է 3+3 ձևաչափի կարևորությունը, շեշտվել, որ տարածաշրջանի անվտանգությունը կարող է ապահովվել միայն ներտարածաշրջանային համագործակցությամբ, և Արևմուտքի ցանկացած միջամտություն ի վնաս տարածաշրջանի երկրների է:
Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերին։


Читайте также

Оставить комментарий