ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԲԵՐ ՊԱՏՐՎԱԿՆԵՐՈՎ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՍՐՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ համագործակցության օրակարգին, Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից բխող հարցերին և տարածաշրջանում տիրող իրավիճակին։
Նախարար Բայրամովն ասել է, որ «Հայաստանը տարբեր պատրվակներով միտումնավոր սրում է իրավիճակը և խոչընդոտում է խաղաղ գործընթացը՝ շրջափակման և մարդասիրական ճգնաժամի մասին հայտարարություններ տարածելով»։
Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջներն անընդունելի են:
«Հայաստանը դեռ հրաժարվում է ամբողջությամբ դուրս բերել զինված ուժերն ադրբեջանական տարածքից և միջամտում է մեր երկրի ներքին գործերին»,- ասել է նա։
Բայրամովը պնդել է, որ Հայաստանը շարունակում է սադրանքները Լաչինի սահմանային անցակետի դեմ, մինչդեռ Ադրբեջանը պայմաններ է ստեղծում Լաչինի միջանցքով երկու ուղղություններով հայ բնակիչների անցման համար։
Նախարարի խոսքով, Ադրբեջանն առաջարկել է Աղդամ-Խանքենդի ապրանքների փոխադրման այլընտրանքային երթուղին, սակայն հայկական կողմը բեռների փոխադրման համար ճանապարհներին խոչընդոտներ է ստեղծում և դրսևորում է այդ ուղիով բեռնափոխադրումների դեմ հակազդեցություն:
Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ «շրջափակման» և «մարդասիրական իրավիճակի» մասին հայկական կողմի հայտարարությունները սոսկ քաղաքական շահարկումներ են։


Читайте также

Оставить комментарий