ԲԱՔՈՒՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՌԴ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Պաշտոնական Բաքուն քննադատել է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը, պնդելով, որ այն հակասում է «Ադրբեջանի ու Ռուսաստանի դաշնակցային փոխգործողության մասին հռչակագրին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության մասին հայտարարություններին»:
«Անթույլատրելի է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը մեկնաբանի այն փաստի համատեքստում, թե Հայաստանի վարչապետը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:
Մոսկվան այսօր տարածած հայտարարությամբ նաև ուղիղ դիմել էր Բաքվին` հորդորելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը, վերականգնել ազատ տեղաշարժն ու էներգակիրների մատակարարումը: Բաքուն իր հերթին ռուսական կողմին է մեղադրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիակատար իրագործումը չերաշխավորելու համար:
«Չնայած Ադրբեջանի բազմաթիվ զգուշացումներին` ոչ մի քայլ չի ձեռնարկվել կանխելու ապօրինի գործունեությունը Լաչինի ճանապարհով», - հայտարարում է Բաքուն, պնդելով, որ միջանցքն օգտագործվել է Հայաստանից Ադրբեջանի տարածք ռազմամթերք ու ականներ տեղափոխելու, ապօրինի զինված խմբավորումներ փոխադրելու համար:


Читайте также

Оставить комментарий