ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՄՈԼՈՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՐՁԵՐԸ

Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ՝ կապված ռազմական հանցագործությունների մասին Հայաստանի ԱԳՆ հայտարարության հետ։
«Հայաստանի կողմից տեղադրված ականներն այսօր լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի մարդկանց կյանքի համար։ 2020 թվականի նոյեմբերից մինչ օրս ականների զոհ է դարձել շուրջ 250 մարդ, հիմնականում՝ քաղաքացիական անձինք։ Այն փաստը, որ Ադրբեջանի տարածքում հայտնաբերված ականներն արտադրվել են Հայաստանում 2021 թվականին, ապացուցում է, որ Հայաստանը շարունակում է իր ռազմական հանցագործությունները ադրբեջանցիների դեմ՝ հրաժարվելով Ադրբեջանին հանձնել ականադաշտերի քարտեզները, իսկ մյուս կողմից՝ տեղադրելով նորերը։
Հայաստանի կառավարությունը մինչ հիմա գործնական միջոցներ չի ձեռնարկել ռազմական հանցագործությունները կանխելու կամ կատարված հանցագործությունների համար համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկելու համար։
Մենք խստորեն դատապարտում ենք միջազգային հանրությանը մոլորեցնելու և անհիմն մեղադրանքներ տարածելով իր պատասխանատվությունը թաքցնելու Հայաստանի փորձերը։
Մենք պահանջում ենք, որ Հայաստանը կատարի իր միջազգային պարտավորությունները և պատասխանատվության ենթարկի բազմաթիվ ռազմական հանցագործությունների մեղավորներին»,- ասվում է մեկնաբանության մեջ։