ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ «ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԾԱՎԱԼՈՒՆ ԷՐ, ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀԵՇՏ ՉԷՐ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Եվրամիության խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման ժամանակ «քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէր», այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Բայց ես ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ և պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ իմ հրապարակային ելույթներում. ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, և այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այս օրակարգը կյանքի կոչելու համար», - ասաց վարչապետը:
«Մենք պետք է բոլորս հասկանանք, որ դա հեշտ չէ, պարզ չէ, հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն, մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել։ Կարծում եմ, որ անհրաժեշտություն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական ու համապարփակ խաղաղություն, և մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա», - ընդգծեց Փաշինյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։


Читайте также

Оставить комментарий