ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ՄԵՆՔ ԿԱՐԾՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԴԵՄԱՐԿԱՑԻԱՅԻ ԵՎ ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԵՏՔ Է ՕՐ ԱՌԱՋ ՁԵՎԱՎՈՐՎԻ, ԵՎ ԴԱ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է, ԻՆՉՔԱՆ ՇՈՒՏ, ԱՅՆՔԱՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ

«Մեր առաջարկը վերաբերում է հենց անվտանգության միջոցառումներին, ինչի մեջ գլոբալ առումով ոչ մի գաղտնիք չկա: Դրանք այն առաջարկների մասին են, որոնց մասին ես խոսել եմ դեռևս մայիսին` հայելային ետքաշման առաջարկը»:
Վարչապետը շեշտեց` հայկական կողմը չի փորձել փաստաթուղթ ձևավորել, որն արտահայտում է զուտ Հայաստանի տեսակետը. «Հիմա քննարկումները շարունակվում են, և մենք չենք ուզում շատ դետալներ բացահայտելով խաթարենք աշխատանքային քննարկումը: Մենք կարծում ենք, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովը պետք է օր առաջ ձևավորվի, և դա շատ կարևոր է, ինչքան շուտ, այնքան ավելի լավ»:
Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկման մասին Հայաստանի ղեկավարն ասաց, որ նախնական գնահատականով` 205 միլիոն դոլարի ներդրման մասին է, և ՀՀ-ի համար դա շատ ծանր ու մեծ բեռ չէ. «Այսինքն` սա այն պարագան չէ, որ կարող է ֆինանսական խնդիր առաջացնել: Գործնականում համաձայնել ենք, երբ մեզ հաջողվի այդ համաձայնությունը թղթի վրա արձանագրել, գործնականում այդ երկաթուղու կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսված են»:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել: Հայաստանի վարչապետից լրատվամիջոցները հետաքրքրվել էին` կընդունի՞ հայկական կողմն այս հրավերը:
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ֆորմատ է ձևավորվել, և արդեն իսկ տեղի է ունեցել առաջին հանդիպումը ներկայացուցիչների: Ես կարծում եմ, որ եթե այս դինամիկան պահպանվի, շատ մեծ է հավանականությունը, որ ՀՀ-ն այդ ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի: Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց համենայն դեպս առաջին հանդիպումից հետո մեծանում է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի այդ հրավերը», - պատասխանեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչմանը, նա շեշտեց, որ իրենց դիրքորոշումն արտահայտել են Կառավարության ծրագրում` ավելացնելով, թե Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել:
«Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը միշտ էլ եղել է Սփյուռքն ու Սփյուռքի կազմակերպությունները», - ասաց Փաշինյանը: