ՇԱՌԼ ՄԻՇԵԼ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԵՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՍԿՍԵԼ՝ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ, ՈՐԸ ԿԿԱՐԳԱՎՈՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բրյուսելյան չորրորդ հանդիպումը հյուրընկալած Եվրոպական խորհրդի նախագահը բանակցություններից հետո հայտարարել է, որ կողմերը համաձայնել են առարկայական աշխատանք սկսել՝ առաջխաղացում ապահովելու խաղաղության պայմանագրի շուրջ, որը կկարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները։
Շառլ Միշելը նշում է, որ կողմերը արտգործնախարարներին հանձնարարել են մեկ ամսվա ընթացքում հանդիպել՝ աշխատելու տեքստի նախագծի վրա։
Քննարկումների առանցքում եղել են «վերջին զարգացումները Հարավային Կովկասում։
Դրական ու արդյունավետ գնահատելով բանակցությունները՝ Շառլ Միշելը նաև հայտնել է, որ հանդիպման ընթացքում մանրամասն քննարկում են ունեցել հումանիտար հարցերի, այդ թվում՝ ականազերծման, ձերբակալվածների և անհետ կորած անձանց ճակատագրի շուրջ։
Շառլ Միշելը նաև նշում է, որ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ քննարկել է սահմանի դելիմիտացիային առնչվող հարցերը, և թե «ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ»։
«Սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում նոյեմբերին։ Դիտարկել ենք նաև տրանսպորտային ապաշրջափակմանը վերաբերող քննարկումների առաջընթացը», - նշել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Իր հայտարարության վերջում Շառլ Միշելը նաև ընդգծում է երկու ժողովուրդներին երկարատև ու կայուն խաղաղությանը պատրաստելու կարևորությունը։
«Հանրային ուղերձները շատ կարևոր են այս առումով, նման զգայուն իրավիճակներում հանրային ցանկացած խոսք լսում են մյուս կողմում և քննարկում»,- նկատել է եվրոպացի պաշտոնյան՝ հավելելով, որ Եվրամիությունը պատրաստ է առաջիկայում ևս աջակցել երկարատև, կայուն խաղաղությանը։
Շառլ Միշելի փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների այս ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին։


Читайте также

Оставить комментарий