«ՊԱՏԵՐԱԶՄԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ԵՐԲԵՎԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋԵՎ ՓՈՍԸ ԽՈՐԱՑԵԼ Է». ՏԻԳՐԱՆ ԵԳԱՎՅԱՆ

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, Ֆրանսիայի հայկական համայնքի, հայ-թուրքական երկխոսության և այլ թեմաների մասին «Հետքը» զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ, արևելագետ Տիգրան Եգավյանի հետ։

-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ներկա պահին, արդյոք դրանք բավարար չափով ամու՞ր են, փոխվստահություն կա՞ միմյանց նկատմամբ։

-Ո՛չ, հակառակը, փոխվստահություն չկա։ Պատերազմը մեզ ցույց տվեց, որ առավել քան երբևէ Հայաստանի և Սփյուռքի միջև փոսը խորացել է։ Կարող ենք արձանագրել, որ վստահության թելերը կտրված են։ Չկա առողջ հիմք գործնական հարաբերություններ մշակելու համար։ Մինչև հիմա Հայաստանի և Սփյուռքի կապը հիմնված էր երկու բանի վրա․ առաջին՝ զբոսաշրջության, երկրորդը՝ մարդասիրական օժանդակության։ Կարելի է նշել նաև սահմանափակ ազդեցություն ունեցող ներդրումները։ Դժբախտաբար, սա ոչ միայն ներկա իշխանությունների խնդիրն է, այլ ավելի վաղ ծագում ունի՝ նախքան Հայաստանի անկախացումը, անկախության շարժումը։ Սփյուռքահայ կազմակերպությունները պատրաստ չէին ընդունել, որ Հայաստանը անկախ պետություն դառնա, քանի որ մտահոգված էին, թե կորցնելով ռուսական երաշխավորությունը՝ մենք թիրախ կդառնանք պանթուրքիզմի համար։ Այսինքն՝ գլխավոր խնդիրը պետականության գաղափարի շուրջ էր։ Ընդհանրապես սփյուռքահայերը քաղաքական միտք չունեցող մարդիկ են, որոնք վերացական գաղափար ունեն Հայաստանի, ազգի, Հայ դատի և պետության մասին, նրանք չեն կարողանում նորմալ ձևով ըմբռնել, թե ինչ է նշանակում պետություն ունենալը։ Պատերազմը մեզ ապացուցեց, որ մենք պետական մշակույթ չունեցող ազգ ենք, մենք չենք տարբերում «ազգ» և «պետություն» հասկացությունները։ Գործող կառավարությունն էլ, որը թեկուզև Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակ ունի, չկարողացավ շահերի վրա հիմնված հարաբերություններ մշակել։ Իշխանությունների գլխավոր սխալն այն էր, որ նրանք չկարողացան սփյուռքահայերի ներուժը ձգել Հայաստան, իսկ Սփյուռքի համար Հայաստանն ու Արցախը (Ղարաբաղ-Խմ.) վերացական բաներ են, նրանց համար գլխավոր թեման Ցեղասպանությունն է, այսինքն՝ նրանք կենտրոնացան հիշողության վրա՝ չհասկանալով, որ Հայաստանում իրենք իրենց դերն ունեն, քաղաքական դերակատարություն պետք է ունենան՝ Հայաստանի համակարգը վերափոխելու համար.....


Читайте также

Оставить комментарий