DAILYSABAH.COM. ԲԱՔՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԸ ԿԱՆԳՆԵԼ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Dailysabah.com կայքը անգլերեն լեզվով հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ Ղարաբաղի շուրջ 30 տարվա հակամարտությունից հետո Բաքուն և Երևանը կանգնել են խաղաղության հասնելու ճանապարհի վրա։
Ղարաբաղյան տարածաշրջանի շուրջ չավարտված տարածքային վեճը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, սակայն, ինչպես համարում են փորձագետները, այսօր կա խաղաղ համաձայնության հասնելու պատմական հնարավորություն, եթե բոլոր տարաձայնությունները կարգավորվեն։
Շատ քաղաքագետներ համոզված են, որ Բաքուն և Երևանը Ղարաբաղի շուրջ 30 տարվա հակամարտությունից հետո կանգնել են խաղաղության ձեռք բերման ճանապարհին։ Այդ մասին, ըստ նրանց, վկայում է հայկական կողմի հռետորաբանությունը։
«Ղարաբաղը, անշուշտ, եղել է հայ-ադրբեջանական վեճերի կենտրոնական տարրը և կռվախնձորը 1988 թվականից ի վեր։ Մնացած բոլոր հարցերը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են ղարաբաղյան խնդրի հետ՝ տարածքային ամբողջականություն, սահմանային հակամարտություններ, տրանսպորտային հաղորդակցություններ»,- թուրքական «Daily Sabah» կայքին տված հարցազրույցում ասել է՝ Բաքվի Թոփչուբաշևի անվան վերլուծական կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը։
Նույն պարբերականի հետ զրույցում Վրաստանի Եվրոպական համալսարանի պրոֆեսոր, «Geocase» վերլուծական կենտրոնի աշխատակից Էմիլ Ավդալիանին նշել է, որ Երևանը հասել է մի կետի, երբ նա հասկանում է, որ եկել է Ադրբեջանի հետ որոշակի փաստաթուղթ ստորագրելու ժամանակը, որը լավագույն դեպքում կարող էր վերջ դնել երկու երկրների առճակատմանը։
«Այն կդառնա արդյո՞ք վերջնական խաղաղության համաձայնագիր՝ դժվար է կանխատեսել, սակայն Հայաստանի կառավարության հռետորաբանության որոշ ակնարկները մատնանշում են հասարակական մտածողության փոփոխությանը: Շատ փորձագետներ, այդ թվում նաև ես, կարծում ենք, որ Երևանը, կարծես թե, համաձայնվում է Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի սահմաններում, հավակնելով միայն նրա մշակութային ինքնավարությանը»,- նշում է Ավդալիանին։
Միաժամանակ Ռ.Հուսեյնովը, որպես առաջ շարժվելու պայման, առաջարկում է առանձին բլոկներում խաղաղություն հաստատելու համար դիտարկել տարբեր հարցեր։
«Այն կարող է լինել սահմանների սահմանազատման գործընթացի սկիզբ, տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցերի վրա աշխատանք։ Տվյալ պահերը կան օրակարգում, այնպես որ, կարծում եմ, այդ երեք-չորս կետերը, որոնք արտացոլված են խաղաղության համաձայնագրի Ադրբեջանի առաջարկներում, կարելի է դիտարկել, որպես առավել կարևորներ»,- նշել է նա։
Վրաստանցի քաղաքագետ Ավդալիանին համարում է, որ Երևանում լարվածությունը հրահրվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախադրյալներով։ Հուսեյնովը նույնպես կիսում է նրա կարծիքը՝ նշելով, որ «հենց դա է առաջացրել բողոքի ցույցեր Հայաստանում, որոնք այժմ ծանր իրավիճակ են ստեղծում նրա կառավարության համար։ Բայց վարչապետը և նրա թիմը, ավելի շուտ, կդիմանան փոթորկին, քանի որ հայ հասարակության մեծ մասը չի ցանկանում, որ ներկայիս հակակառավարական ցույցերը կազմակերպած հին գվարդիան վերադառնա իշխանության:


Читайте также

Оставить комментарий