Հուսեյն Մահմուդով. Մեր ուժերը, որոնք կմտնեն Քելբաջար, առաջին հերթին, կտեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանին
«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության համաձայն՝ Հայաստանի զինված ուժերը և այնտեղ ոչ լեգալ ապրող բնակչությունը պետք է լքեն այդ տարածքները, իսկ Ադրբեջանի զորքերը մտնեն այնտեղ»:
Այս մասին ճեպազրույցում ասել է Ադրբեջանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովը:
Նա նշել է, որ Քելբաջարի շրջանի այն հատվածը, որը գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, արդեն ականներից մաքրվել է և ադրբեջանական բանակը պատրաստ է մեկնել այնտեղ: «Ադրբեջանական բանակը Քելբաջար կմտնի Գոյգյոլի և Դաշքեսանի ուղղություններից: Այնտեղ մեր ուժերը կտեղակայվեն առաջին հերթին հայ-ադրբեջանական սահմանին, իսկ հետո՝ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ՝ ռուսաստանցի խաղաղապահների կողմից ստեղծված գծի երկայնքով»: