ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը կրում է հումանիտար բնույթ
Ռուսական կողմի նախաձեռնությամբ Մոսկվայում հոկտեմբերի 9-10-ին անցկացված հանդիպման շրջանակներում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները՝ Մոսկվայում խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հռչակագրի տեքստում ասվում է, որ ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը պայմանավորվել են հետևյալ քայլերի մասին.
1)2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից հայտարարվում է հրադադար հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան,
2) Հրադադարի ռեժիմի կոնկրետ չափորոշիչները կհամաձայնեցվեն լրացուցիչ,
3)Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում սուբստանտիվ բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով,
4) կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։