Գլուխ ենք գովում՝ առանց հասկանալու հետևանքները. Հրանտ Բագրատյան

irevanaz.com

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Վարչապետ ՆՓ-ն գրառում է կատարել. «Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը (հղումը՝ ստորեւ)»։ Հղում է կատարված IMF-ի home page-ին։ Անմիջապես ասենք, որ նման բան չկա։
1. ՀՆԱ վերաբերյալ տվյալները պաշտոնապես հրապարակում է ՀԲ-ն և ոչ թե IMF-ը։ Իսկ ՀԲ-Ն 2019-Ի թվերը սոսկ կամփոփի ապրիլ-մայիսին։ Այս պահին 2020-ի մասին խոսք լինել չի կարող։
2. ՆՓ-ի երազանքը, որ ՀՀ-ն կանցնի Ադրբեջանին 2020-ին ապացուցված չէ։ Ապացուցված է սակայն, որ, 1995-1999թ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն Ադրբեջանից առաջ է եղել։ Օրինակ, 1996-ին ՀՀ-ում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 504 դոլար, Ադրբեջանում՝ 409 դոլար։ Վրաստանից ՀՀ-ն առաջ է եղել 2005-2009թթ։ Սա ի գիտություն ՆՓ-ի և նրա հետևորդների, որոնք ամեն նախկին աճ թալան են համարում։
3. 2018-ին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն (4212 դոլար) ետ էր մնում Վրաստանից (4717 դոլար) և Ադրբեջանից (4721 դոլար) 12%-ով։ Ի դեպ, 2017-ին (մինչև ՆՓ-ի վարչապետությունը) ետ էր մնում սոսկ 5.9%-ով Ադբեջանից (համապատասխանաբար 3914 և 4147 դոլար) և 11%-ով Վրաստանից (4357 դոլար)։
4. Ցուցանիշի «բարելավմանը» նպաստել է ոչ թե չկայացած տնտեսական աճը, այլ դրամի կուրսի արժևորումը։ Գլուխ ենք գովում չէ (առանց հասկանալու հետևանքները), որ դրամով գնաճ չկա։ Բայց դոլարով գնաճ կա։ Եվ ուրեմն ամենաիրական ցուցանիշով (1 շնչին ընկնող ՀՆԱ-ն PPP-ով) Հայաստանը (10343 դոլար) ետ է մնում Ադրբեջանից 1.8 անգամ (18044 դոլար), Վրաստանից՝ 1.2 անգամ (12004 դոլար։
Ոչ 2019-ին, ոչ էլ 2020-ին Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ոչ Վրաստանից, ոչ էլ Ադրբեջանից չի անցնի»։



Читайте также

Оставить комментарий