Կրեմլը անբավարար նշանակեց Հայաստանի ԱԳՆ-ին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական հետապնդում սկսելուց առաջ Հայաստանի իշխանություններն այնքան էին շտապել, որ հարկ չէին համարել հստակեցնել, թե ինչպես է պետք վարվել այդ կառույցի հետ: Այս հապճեպության արդյունքում քիչ էր մնում միջպետական սկանդալ հրահրվեր, որովհետև գեներալ Խաչատուրովին բերման ենթարկելուն զուգահեռ ՀՀ ԱԳՆ-ն որոշել էր նաև այդ պաշտոնում Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթաց սկսել: Եվ մինչ արտաքին քաղաքական գերատեսչությունը նստած սպասում էր արձագանքին, Մոսկվայից ստացված պատասխանը շատերի համար սառը քրտինքի պատճառ դարձավ, - նշում է shame.am-ը:
Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրից ստացված պատասխանը առավել քան կոշտ էր:
«Հայաստանի ԱԳՆ-ն այսօր հրապարակել է ՀԱՊԿ անդամ երկրներին ուղղված իր ոչ պրոֆեսիոնալիզմով զարմացնող առաջարկություն՝ սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Համանման հայտարարություներն առավել ևս զարմանալի են, քանի որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն անդրադարձել արտաքաղաքական գերատեսչության կոլեկտիվի վրա, որը դեռևս վերջերս ՀԱՊԿ-ին առաջարկել էր Խաչատուրովի թեկնածությունը, եւ ամենագլխավորը՝ հրաշալի տեղյակ է ընթացակարգին, որի համաձայն՝ հենց Հայաստանը պետք է գործարկի գլխավոր քարտուղարին հետ կանչելու գործընթացը, որն այդ պետության ներկայացուցիչն է»,- ասվում էր այնտեղ:
Մոսկվայի այդ ծաղրական, ինչ-որ առումով նաև նվաստացուցիչ պատասխանը կարող է նախ և առաջ նշանակել, որ Կրեմլում չեն խրախուսում այն հետապնդումները, որոնք ծավալել են նոր իշխանությունները: Սա կարող է նշանակել, որ ռուսական կողմն ընդհանրապես չի խրախուսում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գծագրվող «նորամուծությունները», և Խաչատուրովի դեպքն ընդամենը պատրվակ էր այդ դժգոհությունն արտահայտելու համար: Եվ վերջապես, սա կարող է նաև նշանակել, որ քանի դեռ գեներալի մեղքն ապացուցված չէ, ինչու՞ են հայերը շտապում նրան փոխարինել, իսկ եթե բուն նպատակը եղել է Խաչատուրովին փոխել մեկ ուրիշով, ապա ի՞նչ իմաստ կա դատական հետապնդումներ սկսել նրա դեմ:
Ի վերջո, սա էլի շատ բաներ կարող է նշանակել, որոնց մասին կիմանանք շուտով: