Ջհանգիր Լֆիկյան. «Նախ մեղավորներ, հետո օրինականություն»

irevanaz.com

Արդեն ասվել ու գրվել է այն մասին, որ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Դրանից անմիջապես հետո իրավագետները զարմանքով արձանագրեցին, որ Հարությունյանի դեպքում կիրառված հոդվածը 2008-ին Քրեական օրենսգրքում գոյություն չի ունեցել, այդ հոդվածը 2009-ից հետո է մտել Քրեական օրենսգիրք, հետևաբար քրեական գործ ո՞նց կարող են հարուցել, եթե կա սահմանադրական դրույթ՝ անձը չի կարող մեղադրվել ու դատապարտվել այն հանցագործության համար, որն այդ պահին հանցագործություն չի համարվել:
Մենք իմաստ չենք տեսնում թաթախվել իրավագիտական խրթին հարցերի մեջ, որոնք դժվար թե որևէ լավ արդյունքի հանգեցնեն: Բայց կարող ենք վստահաբար արձանագրել մի փատ, որն այս պարագայում անվիճելի է: Ներկա իշխանությունների համար հասարակությանը ամենօրյա թարմ կրիմինալ «կերակուր» մատուցելը այնքան կարևոր հանգամանք է դարձել, որ նրանք առանձնապես միտք էլ չունեն գլուխ դնել երկրի հիմնական օրենքի պահանջների հետ: Հազիվ թե նրանք տեղյակ չլինեին, որ կա նման հակասություն: Բայց դա ինչո՞ւ պիտի խոչընդոտ հանդիսանա, եթե նպատակը ոչ այնքան օրինականության հաստատումն է, որքան արդյունքներ ցուցադրելը: Եվ այն, ինչը մի դեպքում կարելի է կոչել հանցավոր շտապողականություն, մեկ այլ պարագայում ընդամենը օրենքն ու իրավունքն արհամարելու սովորական մոտեցում է, քանի որ արդարներին մեղավորներ են պետք, իսկ մեղավորներ կարելի է նաև հորինել, եթե դրանք ինքնակամ չեն հայտնվում:
Ինչևէ, այսպիսին է Նոր Հայաստանը: Տեսնենք, թե որքան այն կդիմանա, որքան կհանդուրժեն այս խայտառակությունը վերին ուժերը...



Читайте также

Оставить комментарий