Իշխան Սերժիկի Զաքարյան - ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ
Իշխան Զաքարյանը Հայաստանի ամբարտավան էլիտայի տիպիկ ներկայացուցիչն է և ունի այնքան ցինիզմ, որ ամեն ինչի մեջ մեղադրում է մամուլին: «Ցավոք սրտի մեր լրատվության լրջագույն բացերից մեկը, իմ կարծիքով, որևէ հարց մինչև վերջ օբյեկտիվ ներկայացնել կամ պարզաբանել չկարողանալու խնդիրն է: Պրոֆեսիոնալիզմի ու մասնագիտական բարեխղճության դեֆիցիտ է կարծես թե»,-ասել է նա:
Եթե չքանդվեր Խորհրդային միությունը` Իշխան Զաքարյանը, հավանաբար, փայլուն կուսակցական կարիերա կաներ, որովհետև նրա մարդկային որակները համապատասխանում են 80-ականների կոմունիստական պատեհապաշտ նոմենկլատուրայի արժեքային համակարգին:
Պատահական չէ, որ 1989-1990 թթ-ին նա եղել է ՀԼԿԵՄ Սպանդարյանի շրջկոմի քարտուղար։ Սակայն Զաքարյանի նման մարդիկ շատ արագ ադապտացվում են ցանկացած իրավիճակի: Նա «մարդամեջ» դուրս եկավ ՀՀՇ-ի շնորհիվ` 1995-ին դառնալով պատգամավոր: Ապարատային հոտառության շնորհիվ Զաքարյանը դեռ 1997-ին հասկացել էր, թե որտեղից են փչում տաք քամիները և հատուկ հարաբերություններ էր հաստատել ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի, նրա միջոցով` Ռոբերտ Քոչարյանի հետ: Հետո Բաբայանն արագ մոռացվեց, իսկ Զաքարյանը դարձավ Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը: Նախկին պարտկոմն ու կոմսոմոլը գտան իրար և պատահական չէ, որ Զաքարյանի առաջխաղացման և օլիգարխացման փուլը սկսվեց հենց Քոչարյանի նախագահության տարիներին: 2003-2007 թթ-ին Իշխան Զաքարյանը եղել է կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ, իսկ 2007-ին նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահ: Այս տարիները նրա համար եղել են առաջխաղացման և հարստացման ժամանակաշրջան:
Համատեղ կատարած հանցագործությունը կամ ընդհանուր կոմունիստակոմերիտական արժեհամակարգն Իշխան Զաքարյանին ամուր կապեցին երկրորդ նախագահի հետ, և հիմա էլ նա Ռոբերտ Քոչարյանի սակավաթիվ մշտական այցելուներից մեկն է: Ասում են` մի շարք կարևոր գործընթացներում Իշխան Զաքարյանը եղել է ոչ միայն Քոչարյանի «ականջը», այլ նաև փորձել է իրադարձություններն ուղղորդել հենց իր պատրոնի ուզած սցենարով:
Օրինակ` 2008-ի հետընտրական լարված ու դրամատիկ օրերին նա ստվերի պես հետապնդել է գեներալ Մանվել Գրիգորյանին, որպեսզի վերջինս Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը մաս չկազմի: Իշխան Զաքարյանը 2013-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ ուղղված Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան-Ռոբերտ Քոչարյան եռյակի դավադրության առանցքային դերակատարն էր` որպես ՎՊ նախագահ, իր տարեկան սկանդալային զեկույցով: Նա խորհրդարանական ամբիոնից, ըստ էության, հայտարարեց, թե Տիգրան Սարգսյանի կառավարությունը մսխել է ՀՀ պետական բյուջեի 70 տոկոսը:
Իշխան Զաքարյանն ակտիվ լծվել էր Հովիկ Աբրահամյանի քրեաօլիգարխիկ հեղաշրջմանը` հույսով, որ Արգամիչն է դառնալու Սերժ Սարգսյանի ժառանգորդը: Այս անգամ նա սխալվեց, սակայն մինչև վերջ շարունակեց ծառայել Ռոբերտ Քոչարյանին, նաև` Հովոկ Աբրահամյանին, եթե վերջիններիս շահերը համընկել են: Իշխան Զաքարյանը` քարոզարշավի ժամանակ լինելով «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարը, փորձել է Ծառուկյանի և նրա թիմի նկատմամբ հաստատել Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի վերահսկողությունը: Դա, ըստ էության, կնշանակեր Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան պայմանավորվածությունների վիժեցում և պատահական չէ, որ քարոզարշավի կեսից ԲՀԿ առաջնորդը մեկուսացրեց Իշխան Զաքարյանին, իսկ նրան վերջնականապես «խաղից» դուրս թողեց «մանդատային ապստամբությունից» հետո, երբ Իշխան Զաքարյանն հետընտրական փուլում փորձում էր «խմբագրել» ձևավորված ֆրակցիան` մի շարք «բարգավաճականների» ուղղորդելով ԿԸՀ-ից հետ վերցնել մանդատից հրաժարվելու դիմումները:
Իշխան Զաքարյանն այս պատմությունից հետո ոչ միայն զրկվեց դաշինքի քվոտայով ԱԺ փոխնախագահ դառնալու հեռանկարից, այլ նաև Գագիկ Ծառուկյանը նրան նրբանկատորեն հասկացրել է` հրաժարվել մանդատից: Ահա, թե ինչու «բազմազբաղ» Զաքարյանը չի մասնակցել խորհրդարանի նիստերին:
Որտեղի՞ց ողջ կյանքում միայն պետական պաշտոններ զբաղեցրած Իշխան Զաքարյանին այդքան փող՝ ՊՆ հարևանությամբ նման դղյակ կառուցելու համար: Վերահսկիչ պալատի նախկին նախագահը սկզբում ասում էր, որ տունը կառուցում է ինքը, բայց կառուցում է ոչ թե իր, այլ սփյուռքահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի համար և վերջինիս փողերով: Իշխան Զաքարյանը նաև փաստաթղթեր էր հրապարակել, որ սփյուռքահայ գործարարն իրեն լիազորել է իր հայաստանյան բանկային հաշիվներից անարգել փող հանել և ծախսել` ըստ հայեցողության: Ավելի ուշ՝ Իշխան Զաքարյանը խոստովանել էր, որ տունը պատկանում է իր ընտանիքին:
Ստացվում է` Ալբերտ Բոյաջյանը մի քանի միլիոն դոլար է նվիրել Իշխան Զաքարյանին: Վերջինս, ի դեպ, ասել է,որ Ալբերտ Բոյաջյանը Հայաստանում սպորտային ոլորտի խոշոր օբյեկտների սեփականատեր է. ոլորտ, որի ղեկավարը տարիներ շարունակ Հայաստանում եղել է հենց Իշխան Զաքարյանը:
Կարծում ենք` Զաքարյանի դղյակի կոռուպցիոն հիմքն ակնհայտ է և վաղ թե ուշ սյս փաստով իրավապահները զբաղվելու են: Այս փաստերի համադրմամբ` ընթերցողն ինքը թող որոշի, թե ում «քիթն է տրորվելու, կամ ականջները կարմրելու»: