Հայաստանի տասնօրյա մերկությունը

irevanaz.comԱնցնող տասը օրերը՝ իրենց դրամատիկ, ողբերգական շերտերով, թեժությամբ, գերլարվածությամբ, Հայաստանը մերկացրին աներևակայելի արագությամբ:
Անցնող տասը օրերի իրադարձությունների ամեն մի օրն ավելի ու ավելի բացահայտ էր դարձնում 25-ամյա անկախ Հայաստանի մերկությունը: Պարզ էր դառնում, որ Հայաստանում չի մնացել ոչինչ՝ զգացմունքներից, հուսահատ պոռթկումներից բացի: Հայաստանում չի աշխատում ոչինչ՝ պետական համակարգից մինչև հասարակական-քաղաքական ինստիտուտները: Հայաստանում չի մնացել հանրային հեղինակություն, որի խոսքը կունենա ծանրակշիռ արժեք, որի խոսքը ունակ կլինի հանդարտեցնել կրքերը, զսպել նյարդերը, նախանշել ճգնաժամից դուրս գալու ելքեր: Հայաստանում չկան հասարակական վստահություն վայելող քաղաքական ուժեր, առաջնորդներ: Հայաստանում չկան գաղափարական հոսանքներ, հասարակությանը միավորող արժեքներ:
Հայաստանը մնացել է խելահեղությունների, անձնազոհությունների հույսին: Երբ դրանք կան, դա ոչ միայն վատ չէ, այլ նաև շատ կարևոր է ու անհրաժեշտ: Բայց երբ դրանք ուղեկցվում են պետական, հանրային ինստիտուտների գոյությամբ, կենսունակությամբ, այդ դեպքում հերոսությունն ու խելահեղությունը բոլորովին չեն ունենում ծայրահեղ դրսևորումների, հուսահատ պոռթկումների կարիք և գտնվում են բոլորովին այլ հունի մեջ՝ վտանգի փոխարեն ստեղծելով հնարավորություններ, արձանագրելով ձեռքբերումներ:
Բայց երբ մնացել են միայն դրանք, երբ չկան ուղեկցող ինստիտուտները, երբ չկան հեղինակություններ, կամ լավագույն դեպքում՝ դրանք քրեական են, հերոսությունն ու խելահեղությունը ընդամենը դառնում են մերկությունը ձեռքով ծածկելու հուսահատ փորձեր, որոնք հասկանալի է, որ չեն կարող բերել հաջողության և նույնիսկ սահմանափակում են գործելու հնարավորությունները, որովհետև չգիտես՝ գործե՞լ, թե՞ ծածկվել մերկությունից:
Հայաստանը տասը օր հայտնվել է այդ վիճակում, ինչը պետական և հասարակական ինստիտուտների հետևողական ոչնչացման, արժեզրկման հետևանքն է: Դա 25 տարիների միակ «հետևողական» զբաղմունքն է եղել Հայաստանում:
Եվ այդ իրողությունը մենք արձանագրեցինք նաև ապրիլյան պատերազմին,..:
Սակայն հերոսության ու խելահեղության հույսին մնացող պետությունները միշտ չէ, որ փրկվում են: Դրանք նաև պրկվում են, ներսում, որովհետև պետականության իրացման հասարակական-քաղաքական ինստիտուտների հետևողական ոչնչացումը կամ դրանց ձևավորման գործի գիտակցական տապալումը՝ անձնական իշխանության և բիզնես-շահերի նպատակով, բերում է ընդամենը գիտակցության փոխարեն՝ բնազդների իշխանության: Իսկ բնազդները հնարավոր չէ անվերջ կառավարել, դրանք մի օր անկառավարելի են դառնում:
Հայաստանի տասնօրյա մերկության ֆոնին ակնհայտ է դառնում, որ խնդիրները չեն կարող լուծվել, եթե չի լուծվել ինստիտուտների ձևավորման հարցը, կայացման հարցը, դրանց կենսունակության բարձրացման հարցը, սեփական պետության կառավարման գործում դրանց միջոցով ինքնիրացման հասարակության իրավունքը ապահովելու հարցը:
Պետությունը պետք է ծածկվի ինստիտուտներով, ոչ թե ձեռքերով: Ձեռքերը պետք է զբաղված լինեն ստեղծարար գործով:



Читайте также

Оставить комментарий