Արբակ Խաչատրյան. «Հիմա պետք է հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, որ Հայաստանն այսչափ անկարևոր դարձավ»

irevanaz.com«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է անկախ իրավապաշտպան, փորձագետ Արբակ Խաչատրյանը (Մոսկվա)։
– Պարոն Խաչատրյան, քառօրյա պատերազմի օրերին հայ հասարակության շրջանակներում բավականին մեծ դժգոհություն էր առաջացել Ռուսաստանի նկատմամբ, որոշ չափով այդ տրամադրությունները մեղմվեցին, երբ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին ցուցադրվեցին ձեռք բերված զինատեսակները։ Ինչպե՞ս եք առհասարակ գնահատում հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլը։ Ինչո՞ւ է Ռուսաստանը պարբերաբար հայտարարում, որ Թուրքիան կարող է կառուցողական դեր ունենալ ԼՂ կարգավորման հարցում։ Սրանք ի՞նչ «խաղեր» են՝ ըստ Ձեզ։
– Աշխարհը շատ արագ է փոխվում, և այն հարաբերությունները, որ կային մեկ, նույնիսկ կես տարի առաջ, այսօր այլևս չկան։ Այն, որ Թուրքիան և Ռուսաստանը վերջիվերջո հաշտվելու էին, ես դեռ վաղուց եմ ասել, ընդ որում՝ Թուրքիան հիմա շատ կարևոր երկիր է Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այդպիսի հայտարարությունները Լավրովի, Զախարովայի կողմից պետք է դիտարկել հենց այդ կոնտեքստում։ Պարզապես ցավալի է, որ Հայաստանը տարածաշրջանում գնալով կորցնում է դիրքերը և իրավիճակին տիրապետելու հնարավորությունները։ Ի՞նչ եք կարծում՝ հիմա Ղարաբաղի հարցում հայանպաստ դիրքորոշո՞ւմն է Ռուսաստանի համար կարևոր, թե՞ Թուրքիայի հետ մերձենալը։ Բնական է, որ Ղարաբաղի հարցում ռուսական կողմից կլինեն զիջումներ, որոնք կարող է և ձեռնտու չլինեն Հայաստանին։
– Ի՞նչ զիջումների մասին է խոսքը։ Պարզ է, որ Թուրքիայի միջնորդությունը միայն Ռուսաստանի ցանկությամբ չի լինելու, Թուրքիան կարո՞ղ է որևէ ձևաչափով ներգրավվել ԼՂ կարգավորման հարցում։
– Թուրքիան Մինսկի խմբի անդամ պետություն է, բայց դա դեռ չի նշանակում, որ համանախագահող բոլոր պետությունները գրկաբաց սպասում են Թուրքիայի մասնակցությանը կամ բանակցությունների սեղանի շուրջ նստելուն։ Նախ՝ դա Հայաստանը չի ընդունի, և եթե չընդունի, նշանակում է՝ բանակցությունների սեղանից դուրս կգա։ Բացի այդ, անկախ Հայաստանից՝ դա, ըստ իս, չեն ընդունի նաև համանախագահող մյուս երկու պետությունները՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունը՝ ի դեմս Ֆրանսիայի։ Չեմ կարծում, թե այսօր Մինսկի խմբին այլընտրանքային ձևաչափ կա և պետք է կոտրել այդ ֆորմատը։
– Իլհամ Ալիևը ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում չէր բացառել Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Ձեր կարծիքով՝ ո՞րը կլինի այն գինը, որ Մոսկվան կվճարի դրա դիմաց։
– Ալիևը և Բաքվի այլ պաշտոնյաներ պարբերաբար խոսում են այդ մասին։ Ես միշտ էլ ասել եմ, որ չնայած Ադրբեջանին տնտեսապես այդքան էլ ձեռնտու չէ ԵՏՄ անդամակցությունը, բայց կգա ժամանակ, որ ԵՏՄ մտնելու համար այդ երկիրն իր պայմանները կդնի։ Ես ասել եմ, որ տարածաշրջանում Ադրբեջանի դիրքն այնքան կփոխվի, որ Ռուսաստանը նրա հետ հաշվի կնստի։ Հիմա թե որը կլինի այն գինը, որ Ռուսաստանը կվճարի՝ դժվար է ասել, բայց որ Ռուսաստանին շատ ձեռնտու է Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին՝ փաստ է։ Կիսելյովի հետ զրույցն արդեն մեծ բան է նշանակում. փաստորեն Ռուսաստանի կենտրոնական նորությունների ղեկավարը, այսինքն՝ պաշտոնական լրատվության պրոպագանդայի ղեկավարը հարցազրույց է վերցնում Ալիևից: Դա հետաքրքիր հանգամանք է, որ մենք չէինք կարող սպասել, օրինակ, 10 տարի առաջ։ Հիմա պետք է հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, որ Հայաստանն այսչափ անկարևոր դարձավ, ի՞նչն է պատճառը, որ հարևան պետությունները այդքան հզորացան, այդ պետությունների հետ հաշվի են նստում, իսկ մեզ հետ՝ ոչ։
– Գուցե Հայաստանի իշխանությունների՝ տարիների քաղաքականությո՞ւնն է պատճառը, որի հետևանքով այդքան մարդ է արտագաղթում Հայաստանից, տնտեսությունն էլ հայտնվել է նման վիճակում։
– Ընդհանրապես իշխանություն ասվածը չափազանցված է։ Չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, որ նրանց համապատասխան լինի։ Հաղթանակած պետությունը ժամանակին կարող էր գտնել ճանապարհներ, վերջնականապես լուծել Ղարաբաղյան հարցը հօգուտ Հայաստանի, բայց տարիների ընթացքում, թալանից բացի, ոչինչ չկատարվեց։ Թալան, ընտանիքների քայքայում, պետական ինստիտուտների քանդում։ Հիմա այն մարդիկ, ովքեր կարող էին օգնել Հայաստանին, այսօր այլևս այդտեղ չեն, իսկ երկիրը ղեկավարում են առևտրի կենտրոնի ղեկավարները։
– Ձևավորված նոր կառավարությունը հույս ներշնչո՞ւմ է, որ Հայաստանը կարող է դուրս գալ այս վիճակից։
– Ես թեպետ լավատես մարդ եմ, բայց այս հարցում մի փոքր թերահավատ եմ։ Ես չգիտեմ՝ Կարեն Կարապետյանը հնարավորություն ունի՞ սահմաններն անցնելու, կգնա՞ այդ քայլերին, թե՞ ոչ։ Ամեն դեպքում ես վստահ չեմ։ Մինչ այսօր չեն բացվում երկրի թալանի պատճառները, միայն մի քանիսին պաշտոնանկ անելով, փոխելով՝ երկիր չեն կառուցում. ռազմավարական սխալների պատասխանատուները չեն պատժվում։ Միլիոնից ավելի մարդ Հայաստանից թողել-գնացել է, դուրս բերված գումարները կարող էին լցնել բյուջեն, աշխատատեղեր ստեղծել… հիմա մի քանի բան փոխելով՝ անհնար է որևէ կարևոր հարց լուծել։ Հայաստանում դեռ արմատացած է իշխանություն պահելու խնդիրը՝ այս մարդը ի՞մն է, թե՞ ոչ, եթե իմը չէ՝ ուրեմն տեղ չունի աշխատելու: Սրանով հանդերձ՝ ինչպե՞ս լավ փոփոխությունների հույսեր կապենք։ Շատ դժվար է ասել, որ կառավարության ղեկավարին փոխելով՝ երկիր կփոխեն, ամբողջ քաղաքական դաշտն այսօր մի անձի ձեռքում է, ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը։
– Այսինքն՝ կարծում եք, որ Հայաստանի ողջ քաղաքական դաշտը, անգամ ընդդիմությո՞ւնն է նախագահի ձեռքում։
– Հայաստանոււմ ընդդիմադիր քաղաքական ուժ չի էլ մնացել։ Երբ ժողովուրդը գլուխ բարձրացրեց որևէ բան փոխելու համար՝ կողքով անցավ առաջին նախագահի խաղը։ Մարդիկ գլուխ էին բարձրացրել՝ ջարդեց ու հիասթափեցրեց։
– Հայաստանում պայքարի մեթոդն, ըստ Ձեզ, մնո՞ւմ են ընտրությունները, թե՞ հուլիսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ միայն ապստամբությամբ է ժողովուրդը ոտքի կանգնում, այդ թվում՝ զենքով ապստամբության։
– Զենքով կլինի պայքարը, թե այլ կերպ՝ շենքեր գրավելով և այլն, ժողովուրդը ոտքի է կանգնելու։ Եթե ժողովրդի մեջ կա բողոք՝ այդ բողոքը պոռթկալու է։ Իշխանություններն այսօր պատրաստ են ամեն քայլի դիմելու՝ իրենց լծակները պահելու համար, ուրիշ էլ ի՞նչ ելք է մնում ժողովրդին։ Թե ինչպես կլինի հարվածը՝ առայժմ բարդ է ասել։ Մարդը Հայաստանում այսօր չի կարողանում տեղի խլուրդի դեմ պայքարել, ստիպված թողնում գնում է ՝ մի քանի կոպեկ աշխատելու և ընտանիքը պահելու համար։ Սա ավելի ծանր Ցեղասպանություն է, քան 1915 թվականի դեպքերը, քանի որ այն ժամանակ երբ մարդ փախչում էր կոտորածից, իր մշակույթն ու լեզուն ուզում էր պահել, ուրիշից էին փախչում, իսկ հիմա՝ տեղի թալանի պատճառով. դա չափազանց ծանր է նստում այդ ընտանիքի վրա, երբ նա հասկանում է, որ պետությունն իր թշնամին է դառնում։



Читайте также

Оставить комментарий