Վահագն Խաչատրյան. «Հայաստանում վիճակը շատ ավելի վատ է, քան կարելի է պատկերացնել»

irevanaz.com«Իրականում վիճակը շատ ավելի վատ է, քան կարելի է պատկերացնել: Եվ դրա ապացույցը վերջին 10 օրերին կառավարության ակտիվությունն է՝ տարբեր ձևերով ցույց տալու, որ անցած մեկ տարում ինքը հաջողությունների է հասել: Բայց եթե ուզում ես հասկանալ, թե ինչ է եղել՝ տեսնում ես, որ միակ «հաջողությունը» պետական պարտքի ավելացումն է»:
Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նրա     խոսքով՝ և ամեն անգամ, երբ խոսք է գնում պարտքի մասին, ասում են՝ անհանգստանալու ոչինչ չկա, այն կառավարելի է: Ի՞նչ է եղել, եթե հնարավոր է մատչելի տոկոսադրույքով պարտք վերցնել՝ ինչու չվերցնենք: Բայց հիմա, երբ մոտենում են վճարելու ժամկետները, և ավելի մեծ պարտք վերցնելու հնարավորություն չկա, արդեն անհանգստանում են պետական պարտքի վտանգավոր շեմին հասնելու համար: Այս տարվա պարտքի սպասարկման գումարը մոտ 290 մլն դոլար է, իսկ 2020թ. դժվար տարի է լինելու, որովհետև պետք է մարվեն եվրոբոնդերը: Եվ հիմա արդեն պետք է մտածել, թե արժե՞ր պարտքի այդ գումարները դնել «Հյուսիս-Հարավի» ճանապարհաշինության վրա, որն արդեն բեռ է դարձել, որը պետք է ավարտվեր 2019թ., որի մասին նախապես ասում էին, արժե 1-1,2 մլրդ դոլար, բայց այսօր 2 մլրդ-ի մասին են խոսում: Եվ ամենակարևոր հարցին, թե որքանով էր արդյունավետ ֆինանսական այդ միջոցների օգտագործումը, պատասխանը չի տրվում:
– Երբ ասում եք, թե վիճակն ավելի վատ է, քան թվում է, ի՞նչ նկատի ունեք:
– Այն, որ մեր պետական բյուջեն արդեն պետական պարտքը սպասարկելու խնդիր ունի: Դա նշանակում է՝ ֆինանսական կրճատումներ պետք է լինեն առողջապահության, կրթության և այլ ոլորտներում: Մեզ մոտ ծախսերի տեսանկյունից առաջինը սոցիալական ոլորտն է, երկրորդը՝ բանակը, երրորդն արդեն՝ պետական բյուջեի սպասարկումը: Որտեղի՞ց պետք է կրճատենք՝ կենսաթոշակներից չենք կարող, բանակին հակառակը պետք է ավելացնել, պարտքը պետք է սպասարկենք:
– Հիշեցնելով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հայտարարությունը՝ կարո՞ղ ենք ասել, որ մենք արդեն մոտեցել ենք դեֆոլտին:
– Կարծում եմ՝ մենք արդեն դեֆոլտի մեջ ենք: Երբ անընդհատ աճի մասին են խոսում, ես ուզում եմ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում տնտեսության մեջ, և ովքեր են այդ աճը զգում իրենց վրա: Իրականում այդ աճը չկա, ազգաբնակչության մեծ մասն այդ աճը չի զգում: Բյուջետային աշխատողների ու թոշակառուների թիվը մոտ 700.000 է, իսկ նրանք իրենց աշխատավարձի ու թոշակի վրա այդ աճը որևէ կերպ չեն զգացել: Երկրորդ՝ ՊԵԿ-ն ու կառավարությունը լրջագույն խնդրի առջև են կանգնել նաև հարկահավաքության դեպքում, քանի որ հաջորդ 4 ամիսներին պետք է հավաքվի 444 մլրդ դրամ՝ ամսական 110 մլրդ-ից ավելի: Մինչդեռ մինչև հիմա միջին հաշվով 93 մլրդ դրամ է հավաքվել: Ինչ պետք է անեն այդ բացը փակելու համար, նորի՞ց պարտք վերցնեն և բյուջեի դեֆիցիտը մեծացնեն: Բայց այստեղ էլ մեկ այլ խնդիր է առաջանում, բյուջեի դեֆիցիտը չեն կարող մեծացնել, որովհետև Պետական պարտքի մասին օրենքի համաձայն՝ եթե պարտքը հասնում է ՀՆԱ-ի 50 տոկոսին, պետք է վերջին 3 տարվա դեֆիցիտը 3 տոկոսից չանցնի:
– Կարեն Կարապետյանը քաղաքական պատասխանատուների առաջին շարքերում է և անընդհատ բարեփոխումների ու դրանց արդյունքում ունեցած ձեռքբերումների մասին է խոսում:
– Նա և այսօրվա կառավարությունն իրենց առջև նման խնդիր չեն դրել: Եթե անցած տարի այս օրերին դեմքերի փոփոխությունից ինչ-որ սպասելիքներ կային, այսօր արդեն ակնհայտ է, որ բովանդակային փոփոխություն չի եղել: Նրանք աշխատում են նույն ոճով, ինչպես նախկին կառավարությունները: Պարզապես յուրաքանչյուրը սպասարկում է իր մտերիմների, իրենց խմբային շահերը: Վերցրեք էներգետիկայի բնագավառը:
– Ի՞նչ նկատի ունեք:
– Նկատի ունեմ «Տաշիր» ընկերությանը: ՀԷՑ-ը՝ Տաշիրին, Շնողի ՀԷԿ-ը՝ Տաշիրին, արևային էներգետիկայի 50-մեգավատտանոց նոր հզորություններից 40-ը՝ Տաշիրին: Ինչի՞ համար, ի՞նչ սկզբունքներից ելնելով, բացի այն հանգամանքից, որ խմբային շահ է սպասարկվում:



Читайте также

Оставить комментарий