Աղասի Ենոքյան. «Մեր իշխանությունը նման է տաքսիստի, որը գողացած տաքսին քշում է որքան կկարողանա»
Մեր զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը
- Պարոն Ենոքյան, հայտնի է, որ հանիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալու է Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպում։ ԵԱՀԿ-ն արդեն հայտարարել է, որ իրենք որևէ կերպ չեն մսնակցում այդ հանդիպման նախապատաստական աշխատանքներին։ Ի՞նչ է սա նշանակում և ի՞նչ մտահագություններ կան այս կոնտեքստում։
- Սա բավական կոշտ արձագանք է Ռուսաստանի գործողություններին, որովհետև մինչ այժմ էլ եղել են նախաձեռնություններ Ռուսաստանի կողմից, բայց ոչ մի անգամ ԵԱՀԿ-ն ձեռքերը չէր լվացել և փորձել էր ինչ-որ կերպ ռուսական նախաձեռնողականությունը մտցնել իր շրջանակների մեջ։ ԵԱՀԿ նման մոտեցումը նշանակում է, որ Ռուսաստանի կողմից առաջադրված օրակարգն անընդունելի է ԵԱՀԿ-ի համար։ Այսինքն՝ այն սեպարատ գիծը, որ Ռուսաստանն սկսել է, չի բխում եռանախագահների հովանու ներքո եղած հանդիպումներից, սա հետապնդում է զուտ ռուսական շահեր։
- Կարո՞ղ ենք արձանագրել, որ Վիեննայում ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններ սրանով չեզոքանում են, եթե սկսում ենք նոր կետից։
- Ես կարող եմ ասել, որ սա Վիեննայի գործընթացին զուգահեռ գործընթաց է, իսկ այն կսպանի՞ Վիեննայի գործընթացը, թե ոչ, կախված է մյուս զարգացումներից, որովհետև չի բացառվում, որ այս գործընթացի հետ միասին շարունակվի նաև եռանախագահների նախաձեռնությունը։ Համենայնդեպս Ուորլիքը վերջերս հայտարարել էր, որ հունիսի վերջին կազմակերպելու են նախագահների հանդիպում։
- Ի՞նչ կարելի է ակնկալել այս փուլում՝ հաշվի առնելով, որ իշխանության ներկայացուցիչներն էլ նշում են, որ մեծ ակնկալիքներ ու սպասումներ չեն կարող ունենալ Ադրբեջանից, որը Վիեննայի հանդիպումից հետո հերքեց բոլոր պայմանավորվածությունները։
- Ադրբեջանը մեկ հերքեց, հետո հաստատեց Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն այս հանդիպումը գալիս է հաստատելու, որ Ադրբեջանը կարող է լրիվ ուրիշ առաջարկներով հանդես գալ կամ լրիվ ուրիշ առաջարկների հավանություն տալ։ Այնպես որ, սա շատ վտանգավոր հանդիպում է, և մեր իշխանությունները պետք է 7-ը չափեին, մեկը կտրեին, մինչև համաձայնեին այս հանդիպմանը։
- Իսկ տարբերակ ունեի՞ն չհամաձայնելու։
- Ընդհանուր քաղաքականությունը, որն այսօր վարվում է Հայաստանում, երեւում է, երբ նայում ենք ԱԺ-ում ընդունվող օրենքներին, ու պարզվում է, որ ասենք հարկային օրենսգիրքն ընդունվում է Համաշխարհային բանկի պահանջով, Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի են գնում Եվրամիության պահանջով, Վիեննա են գնում ԱՄՆ-ի պահանջով, Պետերբուրգ են գնում Ռուսաստանի պահանջով։ Այսինքն՝ մեր իշխանություններն անցել են ամբողջովին արտաքին կառավարման։ Ու հիմա արդեն ամբողջ խնդիրն այն է, թե այդ արտաքին կառավարիչները կգա՞ն իրար հետ կոնսենսուսի, թե ոչ։ Մեր իշխանությունների խնդիրը սպասելն է, թե նրանք ինչ որոշման կգան և ըստ այդմ՝շարժվելն է։ Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ այսօր Հայաստանում իշխանություն գոյություն չունի։ Հայաստանում այսօր պետք չի ոչ Ազգային ժողով, ոչ նախագահ, ոչ կառավարություն, պետք է միայն մեկ жэк-ի պետ և նրա միջոցով կառավարել այս երկիրը։
Ուզում եմ մեկ այլ հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք. շատ հատկանշական է երեկ ռուսական ՏԱՍՍ գործակալության հաղորդագրությունը Շոյգուի հանդիպումների մասին Սեյրան Օհանյանի և Զաքիր Հասանովի հետ։ Հասանովի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանը ցանկություն է հայտնում ավելի խորացնել ու ընդլայնել համագործակցությունը, Հասանովին հրավիրում է ռուսական նորագույն զենքի, նորագույն սպառազինության ցուցահանդեսին, իսկ Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ պարզապես բավարարված է գոյություն ունեցող համագործակցությամբ։ Սեյրան Օհանյանն էլ շնորհակալություն է հայտնում այն օգնության համար, որը Ռուսաստանը տրամադրում է Հայաստանին։
- Ի՞նչ կարող է անել այսօր ՀՀ իշխանությունը ԼՂ խնդրի լուծման առումով, եթե նախաձեռնությունն իր ձեռքում լինի։ Իշխանություններն էլ գոնե հայտարարությունների մակարդակով նշում են, որ ջանք չեն խնայում Ղարաբաղին բանակցությունների սեղան վերադարձնելու համար։
- Իմ տեղեկատվությամբ, որը հաստատել են նաև Վիեննայի հանդիպմանը մասնակցած ադրբեջանցիները, նաև այդ հանդիպմանը մասնակցած ռուս դիվանագետները, մեր իշխանությունները չեն դրել Ղարաբաղի՝ բանակցային սեղան վերադառնալու խնդիր։ Բազմիցս ռուսական կողմն ասում էր լրագրողներին, թե ինչու եք դուք պնդում ԼՂ վերադարձը, եթե ՀՀ իշխանությունները նման պահանջ չեն ներկայացնում։ Այսինքն՝ մեր իշխանություններն այսօր գոյատևելու խնդիր ունեն։ Շատ հաճախ ես պատկերացնում եմ, որ մեր իշխանությունները նման են մի տաքսիստի, որը գողացած տաքսին քշում է այնքան, որքան կկարողանա՝ մինչև մեքենան փլվի։
- Այս օրերին ԱԺ-ում նաև փողոց դուրս գալու կոչեր հնչեցին՝ հարկային օրենսգրքի նախագծի հետ կապված։ Ստեղծված իրավիճակը կարո՞ղ է հանգեցնել փողոցի միջոցով փոփոխությունների հասնելու հնարավորության։
- Կարող է հանգեցնել, եթե այն ուժերը, որոնք փողոց դուրս գալու կոչ են անում, կարողանան լավ թարգմանել, թե ինչ է նշանակում այս հարկային օրենսգիրքը։ Մեր փորձը ցույց է տալիս, որ ժողովուրդը փողոց է դուրս գալիս այն ժամանակ, երբ տեսնում է կոնկրետ բան, որը դիպչում է իր գրպանին։ Այսինքն ժողովուրդը փողոց դուրս եկավ էլեկտրաէներգիայի թանկացումների դեպքում, կենսաթոշակային ռեֆորմի դեպքում, որովհետև դա մարդկանց լավ բացատրված էր։ Հիմա եթե այդ ուժերը կարողանան բացատրել, որ սա նույնպես խփելու է ժողովրդի գրպանին, չի բացառվում, որ մարդիկ դուրս գան փողոց։
lragir.am