ԲԱՔՎՈՒՄ ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Բաքու այցելած թուրք զինվորականների հերթական պատվիրակությունը, Թուրքիայի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Թունջայ Ալթուղի գլխավորությամբ, մի շարք հանդիպումներ է ունեցել ադրբեջանական բանակի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Հիքմեթ Միրզոևը Ալթուղի հետ հանդիպմանը քննարկել է բանակում բարեփոխումները, ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ կատարված աշխատանքն ու ձեռք բերված հաջողությունները։
Նշվել է, որ ադրբեջանաթուրքական ռազմական համագործակցությունը՝ հիմնված է եղբայրության և բարեկամության վրա, և շատ կարևոր դեր է խաղում ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի ձևավորման և զարգացման գործում։
Թուրքական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև պաշտպանության փոխնախարար-օդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Նամիգ Իսլամզադեի, ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնակատար Շահին Մամեդովի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ զորավարժությունների, փորձի փոխանակման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
2021-ի հունիսին Ադրբեջանն ու Թուրքիան Շուշայում փաստաթուղթ են ստորագրել, որն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում:


Читайте также

Оставить комментарий