«ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ»-Ը ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԷՐ «ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ... ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», հայտարարել է Քննչական կոմիտեն:
Ըստ իրավապահների՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (հաղորդագրության մեջ ներկայացված է Վ. Գ.՝ աշխարհիկ անունը՝ Վազգեն) նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է իշխանությունն ստանձնելու գործընթացն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով:
«Այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն», - ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ «Սրբազան պայքար» անունն ստացած շարժումն առավոտից սոցիալական ցանցերում ահազանգում էր, որ իրավապահները խուզարկություններ են սկսել շարժման աջակիցների տներում, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։
ՔԿ-ն շեշտում է, թե արքեպիսկոպոսը շարժման մասնակիցների և համախոհների հետ ունեցած հանդիպումների ժամանակ կտրականապես բացառել է ընտրություններին նախապատրաստվելու, դրանց մասնակցելու և այդ կերպ իշխանությունը ստանձնելու եղանակը և տեղեկացրել շարժման գործունեության մեթոդաբանությունը փոխելու, այն է՝ համոզելու և քարոզելու մեթոդները բացառելու, շարժման գործունեությունն ու դրա վերջնական նպատակը ոչ թե հավաքների տրամաբանությամբ, այլ հարմար պահի փոքրակազմ հարվածային խմբերի փոխհամաձայնեցված բռնի գործողությամբ իրագործելու մասին:
Ըստ իրավապահների՝ «իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով» Վ․Գ․-ն և խմբի մյուս անդամները, ում ՔԿ-ն որակել է հանցավոր, «պլանավորել են կատարել ահաբեկչություն»՝ «քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ աարարքներ, մասնավորապես՝ Երևան քաղաքում և Հանրապետության այլ ճանապարհներին գտնվող թունելները գծապատելու, տրանսպորտային միջոցների հիմնական շարժն ապահովող խոշոր և բանուկ փողոցներում, պողոտաներում տասնյակ ավտոմեքենաների վթարների տձևացում, իսկ իրականում դրանց դիտավորյալ բախումներ կազմակերպելու, ինչպես նաև այլ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները վնասելով կամ դրանք այրելով կաթվածահար անել ողջ հանրապետության տրանսպորտային շարժը, հազարավոր հրավտանգ միջոցների համաժամանակյա գործադրմամբ իրականացնել պայթյուններ, դրանցով կրակոցներ արձակել շենքերի և շինությունների պատերին» և այլն:
Քննչական կոմիտեն նաև նշում է, որ խմբի անդամները պլանավորել են զուգահեռաբար միջոցներ ձեռնարկել առաջացած վիճակը վերացնելու հնարավորությունից պատասխանատու պետական մարմիններին զրկելու ուղղությամբ, այդ թվում՝ խոչընդոտել կամ ընդհուպ բացառել ոստիկանության համապատասխան ուժերի շարժը:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։


Читайте также

Оставить комментарий