ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԼԻՆԵԼ ԵՎ՛ ԵԱՏՄ-ՈՒՄ, ԵՎ՛ ԵՄ-ՈՒՄ․ ՌԴ ԴԵՍՊԱՆ

Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում, երկիրը պետք է ընտրություն կատարի, 24News-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա վկայակոչել է ռուսական կողմի ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը՝ կա՛մ ԵՄ, կա՛մ ԵԱՏՄ, երկուսում հնարավոր չէ լինել, իսկ ընտրությունը, ըստ դեսպանի, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է։
«Եվ դա ռուսական կողմի դիրքորոշումը չէ, այլ օբյեկտիվ իրականության հարց, քանի որ պետությունը չի կարող միաժամանակ երկու մաքսային միության անդամ լինել», - նշել է դեսպանը և հիշեցրել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը՝ «ԵՄ անդամակցությունով Հայաստանն իրեն «Տիտանիկի» տոմս կգնի»։
Ընդգծելով, որ Հայաստանի համագործակցությունը ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ երկրի տնտեսական զարգացման առանցքային գործոններից է՝ Կոպիրկինը նկատել է՝ առայժմ Հայաստանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառության դինամիկան բացասական է։
Եվրամիության անդամակցության հարցը Երևանում քննարկվում է այդ գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրինագծի՝ կառավարության հավանությունը ստանալուց ու խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո։ Այս օրինագիծը հանրաքվե չի ենթադրում, իշխանությունները պնդում են, թե այն քաղաքական որոշում է։


Читайте также

Оставить комментарий