ԶԱԽԱՐՈՎԱ.ՄՈՍԿՎԱՆ ԱԹԵՆՔԻՑ ՀԱՐՑՈՒՄ ՉԻ ՍՏԱՑԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ
Մոսկվան Աթենքից որևէ հարցում չի ստացել ռուսաստանյան սպառազինությունն այլ երկրների փոխանցելու հարցով, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հունական լրատվամիջոցների տեղեկությունները, թե Հունաստանի կառավարությունը պատրաստվում է Հայաստանին փոխանցել իր զինանոցում գտնվող S-300 (C-300) ռուսաստանյան համակարգերը։
Զախարովան վկայակոչել է ռուս-հունական ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ միջկառավարական համաձայնագրերը և պնդել, որ կողմերի միջև ստորագրված այդ փաստաթղթերի դրույթներն արգելում են Հունաստանին ռուսական զենքն առանց Մոսկվայի համաձայնության փոխանցել երրորդ երկրի։
«Դրանք {համաձայնագրերը} աներկբա արգելում են Հունաստանին վերարտահանել մեր մատակարարած ռազմական տեխնիկան առանց Ռուսաստանի համաձայնության։ Այս պահին հունական կողմից մենք որևէ դիմում չենք ստացել»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Հունական ԶԼՄ-ի տվյալներով՝ Հունաստանի զինված ուժերի զինանոցում գտնվող ռուսական սպառազինությունը Հայաստանին տրամադրելու նախաձեռնության հեղինակը Ֆրանսիան է։