ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱԼՄԱԹԻԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՄԻՋՆՈՐԴ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
Ղազախստանի իշխանությունները կազմակերպելով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների Ալմաթիի հանդիպումը, բանակցություններում որպես միջնորդ հանդես չեն գալու։ Այս մասին երկուշաբթի օրը ճեպազրույցում ասել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այբեկ Սմադիյարովը։«Առաջիկա բանակցությունները տեղի են ունենալու բացառապես կողմերի միջև։ Ցանկանում եմ ընդգծել, որ Աստանայի միջնորդության մասին խոսք չի գնում, մենք միայն բարի կամքի ծառայություն ենք մատուցում», - ասել է նա, հիշեցնելով, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերջերս Ադրբեջան և Հայաստան կատարած այցելությունների ընթացքում նշել է այդ երկրների միջև կայուն և երկարաժամկետ խաղաղություն հաստատելու կարևորությունը և կողմերին աջակցելու նպատակով հայտնել բանակցությունների հարթակ տրամադրելու Ղազախստանի պատրաստակամությունը։

